Ռուսաստանում, 81 տարեկան հասակում մահացել է հայազգի կինոռեժիսոր Սամվել Գասպարովը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբագիր Գեորգի Սահակովը, փոխանցում է РиаНовости-ն:
Մահվան պատճառը կորոնավիրուսային հիվանդությունն էր: Նաև հայտնի է, որ Գասպարովը մահվանից մեկ տարի առաջ պայքարում էր ծանր բնույթի գաստրիտի դեմ:
«Սամվել Վլադիմիրովիչին բնորոշ չէր պարտվելը, բայց նա չկարողացավ հաղթել անիծյալ կորոնավիրուսը»- գրել է Սահակովը:
Ռեժիսորի կինը՝ դերասանուհի Նատալյա Վավիլովան, որ խաղացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում, ավելի վաղ նույնպես վարակվել է կորոնավիրուսով, սակայն նրա վիճակի մասին գրեթե տեղեկություններ չկան:
Գասպարովը ծնվել է 1938 թվականի հունիսի 7-ին՝Թբիլիսիում, հայկական ընտանիքում: Կինոյում կարիերան սկսելուց առաջ աշխատել է որպես բեռնատարի վարորդ, գրել պատմվածքներ:
1970 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտը, 1974 թվականից սկսել է ֆիլմեր նկարահանել: 1993 թվականին Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում կազմակերպել է Մայքլ Ջեքսոնի համերգը: