Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության ղեկավար Դավիթ Բաբայանը պաշտոնապես հայտարարել է իր զբաղեցրած պաշտոնը թողնելու մասին: Այս մասին նա ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասված է.
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Արդեն 13 տարի է, ինչ ես գլխավորում եմ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը՝ կառույց, որը պատասխանատու է մեր երկրի տեղեկատվական քաղաքականության համար:
Տեղեկատվական ճակատը, հատկապես մեր երկրի համար, որը գտնվում է չկարգավորված հակամարտության պայմաններում, ունի ռազմավարական կարեւորագույն նշանակություն:
Ինձ համար պատիվ է եղել այս բոլոր տարիների ընթացքում ղեկավարել այդ կառույցը, լինել տեղեկատվական ճակատի առաջամարտիկներից, ծառայել իմ ժողովրդին եւ Հայրենիքին:
Աշխատանքս փորձել եմ կատարել արհեստավարժորեն՝ որպես ուղենիշ միշտ ունենալով պետական եւ ազգային շահերը:
Հարգելի՛ բարեկամներ,
Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօրվանից ես պաշտոնապես թողնում եմ իմ զբաղեցրած պաշտոնը: Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին եւ լրատվական դաշտի ներկայացուցիչներին՝ երկարատեւ արդյունավետ համագործակցության համար:
Ուզում եմ նաեւ հաջողություն մաղթել այս պաշտոնում ինձ փոխարինող Վահրամ Պողոսյանին, ցանկանալ նրան բեղմնավոր գործունեություն:
Հ.Գ. Հարգելի՛ գործընկերներ, Ես չեմ հեռանում քաղաքական եւ հասարակական դաշտից: Ես ընդունել եմ Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը եւ այսուհետ հայրենիքին իմ ծառայությունները կմատուցեմ ԱՀ Նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնում:
Լինելով նաեւ Արցախի պահպանողական կուսակցության նախագահ՝ ես եւ իմ կուսակիցները շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը մեր երկրի քաղաքական ու հասարակական դաշտում:
Հ.Հ.Գ. 13 տարվա իմ աշխատանքի ամփոփման եւ հետագա գործունեության մասին ավելի մանրամասն կխոսեմ իմ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ»: