Չինաստանում հավատարիմ շունը երեք ամիս հիվանդանոցի նախասրահում սպասել է կորոնավիրուսի ախտանշաններով հիվանդանոց տեղափոխված տիրոջը՝ չիմանալով, որ նա մահացել է, գրում է mirror.co-ն։
Հավատարիմ շունն Ուհանի հիվանդանոցներից մեկում է հայտնվել փետրվարին, երբ տարեց տերը հոսպիտալացվել էր կորոնավիրուսի համաճարակի թեժ շրջանում:
Նա մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հինգ օր անց, սակայն, հիվանդանոցի մաքրուհու խոսքով, յոթ տարեկան շունը, որին վերանվանել են Փոքր գանձ (Xiao Bao), երեք ամիս է՝ հիվանդանոցի նախասրահում համբերատար սպասել է տիրոջը։
Այդ ընթացքում նրան կերակրել են հիվանդանոցի աշխատակիցները։
«Նա երբեք չի լքել հիվանդանոցը։ Աներևակայելի հուզիչ է նրա նվիրվածությունը»,- ասել է մաքրուհին։
Անցյալ շաբաթ հիվանդանոցի անձնակազմը ստիպված է եղել դիմել Ուհանի ընտանի կենդանիների պաշտպանության ասոցիացիային։ Փոքրիկ շանը տեղափոխել են կենդանիների համար նախատեսված կացարան։