Search
Close this search box.

Այո, շատ հնարավոր է, որ սահմանափակումներին վերադառնանք. Վահե Տեր-Մինասյանը՝ կորոնավիրուսի տարածման վտանգների մասին

Ենթադրում եմ, որ Արսեն Թորոսյանի այն հայտարարությունը, թե COVID-19-ի անսիմպտոմ դեպքերը կուղարկվեն տուն կապված է թվերի մեծ աճի հետ, հավանաբար, քանակն արդեն այնքան է, որ հոսպիտալացնել հնարավոր չէ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը` խոսելով ԱՆ նախարարի այն հայտարարության մասին, թե կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև՝ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում:

Ըստ նրա՝ Հայաստանը հետևում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուդրներին և այն փոփոխությունները, որ տեսնում ենք այդ խորհուրդների շնորհիվ է: Հարցին, թե արդյոք հնարավոր է սահմանափակումներին վերադառնալ, բժիշկը պատասխանեց. «Այո՛, շատ հնարավոր է: Ամեն դեպքում վարակակիրները թվերը շատ են, աճում են ու ինչքան մենք կանոնները չպահպանեք դրանք ավելանալու են: Քաղաքում նայում ես, տպավորություն է, թե ոչ մի բան էլ չկա: Հասկանում ենք, որ դժվար է, բոլորն էլ կարոտել են ազատ կյանքին, շոգ է, բայց բոլորն այնպես են դուրս եկել, ոնց որ աշխարհի վերջը լինի»:

Տեր-Մինասյանը նշեց նաև, որ ստեղծված իրավիճակի համար քաղաքացիները ևս մեղավոր են, սակայն չեն հասկանում պատասխանատվության լրջությունը: «Այսօր ականատես եղա, թե ինչպես են կարգուկանոնն ապահովող 6 ոստիկանները կանգառում կանգնած, որոնցից 3-ը դիմակ չունեին ու իրար հետ հավեսով հավաքվել, զրուցում էին: Հիմա իրենք հսկո՞ւմ են: Իշխանությունը որոշել է, որ ոստիկանը հսկողություն պիտի սահմանի, բայց ոստիկաններն իրար «կարոտել են», դիմակները հանում են ու սկսում են իրար հետ զրուցել»,-ասաց նա:

«Մի հետաքրքիր բան եմ նկատել. երկու հոգով դիմակով առանձին քայլում են, հանդիպում են իրար, դիմակները հանում են ու իրար համբուրում են, այսինքն՝ բոլորին թվում է, թե այդ վարակակիրներն իրենց ծանոթները չեն կարող լինել: Այնուամենայնիվ, մարդիկ էլի չեն հասկանում, չեն պատկերացնում իրավիճակը»,-նշեց նա:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL