Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հանրային քննարկման է ներկայացրել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագծով նոր նպաստի տեսակ կսահմանվի ինչպես ժամակավոր անաշխատունակների, այնպես էլ վարձու աշխատողների և ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց համար։
Նախագծով նախատեսվում է օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել լրացնել նոր կետով, որով կսահմանվի ժամանակավոր անաշխատունակության նպաստի նոր տեսակ, մեկուսացման նպաստ։
Մեկուսացման նպաստը շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացման կամ ինքնամեկուսացման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստն է։
Սույն օրենքի իմաստով մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:
Սույն օրենքի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:»:
Մեկուսացման նպաստ կսահմանվի նաև վարձու աշխատողների համար։
«Հոդված 12.1 Վարձու աշխատողին տրվող մեկուսացման նպաստը
Վարձու աշխատողին մեկուսացման նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ ժամանակավոր անաշխատունակության 14 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած երկրորդ աշխատանքային օրվանից»,-նշվում է նախագծում:
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց համար նույնպես կսահմանվի մեկուսացման նպաստ։
«Հոդված 21.1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող մեկուսացման նպաստը
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց մեկուսացման նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ ժամանակավոր անաշխատունակության 14 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:»:
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) եթե վարձու աշխատողը մեկուսացման կամ ինքնամեկուսացման ընթացքում հեռավար կատարել է իր աշխատանքային պարտականությունները եւ վարձատրվել է (ստացել է աշխատավարձ)»,-նշվում է նախագծում:
Հեղինակը նշել է, որ մեկուսացման նպաստի նշանակման եւ վճարման համար ժամանակավոր անաշխատունակության թերթիկը կտրամադրի առողջապահության բնագավառի լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքում կներառվի վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, մեկուսացման կամ ինքնամեկուսացման հիմքերը եւ ժամանակահատվածը (սկիզբը եւ վերջը): Տեղեկանքը մեկուսացման նպաստի նշանակման եւ վճարման համար կներկայացվի գործատուին կամ լիազոր մարմին: Տեղեկանքի ձեւը, լրացման ու տրամադրման կարգը կսահմանի առողջապահության բնագավառի լիազոր մարմինը:
Ընդունվելու դեպքում օրենքի կարգավորումները կտարածվեն 2020 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Եթե շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացման կամ ինքնամեկուսացման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակությունն ավարտվի մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը եւ մեկուսացման նպաստ նշանակելու համար փաստաթղթերը ներկայացվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից սկսած վեցամսյա ժամկետում, ապա այդ փաստաթղթերը համարվում են սահմանված ժամկետում ներկայացված:
Հեղինակը նշել է, որ նոր կորոնավիրուսի համավարակին դիմագրավելու ընդունված ռազմավարությունները նախատեսում են, քաղաքացիների մեկուսացում եւ ինքնամեկուսացում, որի արդյունքում կտրվում են համաճարակաբանական շղթաները, նպաստելով վարակի տարածման արագության կրճատմանը: Միեւնույն ժամանակ, կարգավորված չէ մեկուսացված եւ ինքնամեկուսացված աշխատող անձանց անաշխատունակության նպաստի տրամադրման գործընթացը, որը կարող է առաջացնել քաղաքացիների կողմից մեկուսանալուց կամ ինքնամեկուսանալուց խուսափելու ցանկություն, պայմանավորված եկամուտի աղբյուրի կորստի վտանգով: