Ես մի քանի օր առաջ ասել էի, որ Առողջության առաջնային պահպանումը շուտով կսկսի զբաղվել թեթև և ասիմպտոմ ձևերով: Հավանաբար այդ օրը կսկսվի վաղվանից: Վաղվանից արդեն մեր հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև կամ առանց սիմպտոմների ընթացքով պացիենտներին կուղակենք տուն, որպեսզի նրանք իրենց փաստացի ինքնամեկուսացումը շարունակեն տանը՝ լինելով վերահսկողության տակ: Նոր քաղաքացիներին ևս կուղարկենք տուն, եթե նրանք չունեն բուժօգնության կարիք, նրանք չեն մեկուսացվի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է պրոցեսն օրեր տևում, Թորոսյանն ասաց, որ ամեն ինչը պետք է կազմակերպվի. «Արդեն 3-րդն օրն է ինտենսիվ հեռավար դասընթացներ են կազմակերպվում առողջության առաջնային օղակի բժիշկների, բուժքույրերի և կառավարիչների համար, որպեսզի այդ ամենը քաոտիկ չլինի:
Մենք չենք բացառում, որ ասիմպտոմ դեպքերը դառնում են սիմպտոմով: Որպեսզի մենք այդ պահը բաց չթողնենք, բուժօգնությունն արագ կազմակերպենք, պետք է ամեն ինչ կարգով արվի: Մենք քաղաքացիներին տուն ուղարկելով, նրանց չենք զրկում բժշկական օգնությունից, ուղղակի փոխում ենք հիվանդության վարման մեր ռազմավարությունը»:
Նախարարն ասաց, որ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք ասիմպտոմ դեպքերին պահում են հիվանդանոցներում: