«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, իշխանության ներսում որոշակի շրջանակներ ակտիվորեն քննարկում են բացառապես Սահմանադրության եւ օրենքների սահմաններում սահուն իշխանափոխության տարբեր սցենարներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնալով խորանում է հասարակության դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից:
Քննարկումներում էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ հնարավոր լինի գտնել այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի կլինեն հասարակության լայն շերտերի համար, իսկ իշխանափոխությունը հնարավոր կլինի իրականացնել առավելագույնս անցնցում:
Մեր աղբյուրները նշում են, որ քննարկվում է մասնավորաբար Տիգրան Ավինյան-Արթուր Վանեցյան տանդեմի տարբերակը:
Սրանով հնարավոր է դառնում լուծել մի քանի հարց: Նախ՝ կանխվում է գնալով վատթարացող սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերում առկա խնդիրների էլ ավելի խորացումը:
Երկրորդ՝ Վանեցյանը ընդունելի տարբերակ է աշխարհաքաղաքական կենտրոնների համար, իսկ դա չափազանց կարեւոր հանգամանք է: Եվ վերջապես՝ Տիգրան Ավինյանը, որպես պաշտոնյա եւ քաղաքական գործիչ, հեղափոխության ծնունդ է, իսկ դա թույլ կտա խուսափել ցնցումներից եւ իրականացնել սահուն, փափուկ իշխանափոխություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում