ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աչքովս ընկան որոշ գրառումներ, իհարկե, հիմնականում շատ հստակ շրջանակների կողմից արված, իբր դատապարտող Տաթևիկ Ռևազյանի հանդեպ ատելության քարոզը, ու, միաժամանակ, նշող, որ իշխանությունները չպետք է բողոքեն, որ իրենց նկատմամբ ատելության քարոզ է տարվում, հրապարակային հայհոյանքներ ու բռնության կոչեր են հնչում, քանի որ երկու տարի առաջ իրենք են դրել այդ ատելության հիմքերը:
Ոչ, հարգելի սիրելիներս, երիցս ՈՉ: Ատելության հիմքերը դրվել են շատ ավելի վաղուց, շատ կոնկրետ անձանց և նրանց սատելիտների կողմից: Այդ հիմքերը դրվել են, երբ տեղեկատվական դաշտում «պատրաստում» էին Հոկտեմբերի 27-ը, երբ այդ տեռորիստական ակտը կյանքի կոչած ահաբեկիչներին անվանում էին «մի խումբ ռոմանտիկներ», դրվել են, երբ քաղաքացուց գողանում էին իր քվեն, երբ քաղաքացուց խլում էին իր օջախը, ունեզրկում էին, երբ բռնաճնշում էին, ենթարկում քաղաքական հետապնդումների, բանտերում խոշտանգում, ծեծում ու սպանում էին խաղաղ ցուցարարների, երբ Մարտի 1 էին անում, երբ տեղեկատվական դաշտում իրենց իրավունքների համար պայքարող, իրենց իշխանությունն իրենց վերադարձնելու համար փողոց ելած, պայքար մղող խաղաղ ցուցարարներին անվանում էին թմրամոլ հարբեցողներ, երբ քաղաքացիներին ստորացնում էին, բաժանում կաստաների: Այ էն ժամանակ են դրվել ատելության հիմքերը: Ու հիմա էլ նույն խմբակները ու նրանց վեցնոցներն են շարունակում ատելություն տարածել, խաթարել հասարակական համերաշխությունն ու հանրության խաղաղ կեցությունը:
Իսկ մենք մի հարցում, իսկապես, մեղավոր ենք: Մեղավոր ենք, որ նրանք դեռ կան ասպարեզում ու կարողանում են շարունակել իրենց անհայրենիք, ապազգային գործունեությունը, ատելության քարոզը»: