Search
Close this search box.

«Ինձ խեղդում էր, գոտին հանեցի ու դաղեցի…». Հրազդանի կիրճում ավազակային հարձակում գործած երիտասարդը ոտաբոբիկ փախել է

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում էՄիքայել Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ա. Գրիգորյանի նախագահությամբ:

Դեպքի պահին 28-ամյա Միքայելին մեղադրանք է առաջադրվել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականիօգոստոսի 12-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում Միքայել Մ.-ն ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ գտնվել է Երևանի «Սուրբ Սարգիս» եկեղեցու առջև: Նա պատահական հանդիպել է Նաիրի Ա.-ին ու խնդրել է իրեն ուղեկցել «Հրազդանի կիրճ», որտեղ՝ կամրջի մոտակայքում, Նաիրի Ա.-ի ձեռքից անսպասելի խլել է պայուսակը, որում եղել է ընդհանուրը՝ 130 հազար դրամի չափով գումար և այլ իրեր, ապա վազել է աստիճանների ուղղությամբ, սակայն տուժող Նաիրին հետապնդել է նրան ու դիմադրել:

Ըստ մեղադրանքի՝ Միքայել Մ.-ն իր հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու համար բռնություն է գործադրել Նաիրիի նկատմամբ՝ ձեռքերով, արմունկներով հարվածներ է հասցրել նրա դեմքի ու գլխի շրջաններին, պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ քերծվածքների, սալջարդ վերքերի, արյունազեղումների, քթի, հոնքի, ակնակապիճային շրջանների սալջարդ-պատռված վերքերի, գանգուղեղային տրավմայի ձևով:

Բռնություն գործադրելու արդյունքում տուժողին գետնին տապալելով՝ Միքայել Մ.-ն, ըստ մեղադրանքի, հափշտակել է նրա պայուսակը, դիմել է փախուստի:

Առաջադրված մեղադրանքում Միքայել Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները:

Նա հայտնել է, թե բնակվում է Արարատի մարզի գյուղերից մեկում, ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա, որոնք դեպքի պահին 5 և 2 տարեկան էին: 2016 թվականից հիմնական աշխատանք չունի, ժամանակ առ ժամանակ կատարել է վարձու աշխատանքներ:

2018 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 13-ի սահմաններում իրենց գյուղական տանը գարեջուր է խմել, գնացել է հարևան գյուղի հացատուն, մի քանի շիշ գարեջուր էլ այնտեղ է խմել, հետո, քանի որ «հատուկ գնալու տեղ չի ունեցել», պատահական տաքսիով եկել է Երևան ու պարզապես զբոսնել է՝ մի շիշ գարեջուր խմելով: Հասել է Երևանի «Սուրբ Սարգիս» եկեղեցու դիմացի հատվածը՝ Հրազդանի կիրճ տանող աստիճաններին: Զգացել է, որ թիկունքի կողմից մեկը մոտենում է: Շրջվել, անծանոթ երիտասարդի է տեսել, ուշադրություն չի դարձրել ու շարունակել է ճանապարհը: Իջել է մինչև «Նաբերեժնի» տանող կամուրջ, զգացել է, որ հոգնել է, աստիճանների վերջում հենվել է մի քարի, որ հանգստանա: Այդ պահին հետևից քայլող երիտասարդը հասել է իրեն, ինչ-որ բան է ասել ու բռնել է իր ուսից: Ինքը հրել է նրան, իրենց մեջ քաշքշոց է սկսվել: Նա ասել է, որ վատ մտքով չի մոտեցել, բայց ինքը հարվածել է նրա կրծքին, իրենք գլորվել ու սկսել են գետնին ընկած՝ իրար հարվածներ հասցնել: Հետո ոտքի են կանգնել, ինքը բռնել է նրա պարանոցից, նա էլ գլխով հարվածել է իր քթին, իր քթից արյուն է հոսել: Ինքը նրան նորից գցել է գետնին ու խփել է դեմքին: Նա այդ ընթացքում իրեն անբարո առաջարկ է արել, ինքը դրանից ավելի է զայրացել ու նորից հարված է հասցրել ընկածին, գետնից վերցրել է նրա պայուսակը՝ «բարսետկան», ու գնացել է դեպի աստիճանները, որոնք տանում էին դեպի եկեղեցու հակառակ կողմի շենքերը: Մինչև այդ շենքերին հասնելն ինքը վատ է զգացել, նստել է աստիճաններին: Քանի որ քթից արյուն էր գալիս, իր վերցրած պայուսակը բացել ու անձեռոցիկ է փնտրել: Անձեռոցիկ գտել է, մաքրել է քիթը, տեսել է, որ պայուսակում դրամապանակ էլ կա, որի մեջ 15 հատ հազար դրամանոց կար: Իր վերցրած գումարը 15 հազար դրամից ավել չէր: Դրանից հետո պայուսակը նետել է գետը, կիրճից դուրս է եկել ու պատահական մեքենայով գնացել է գյուղ: Ինքը չի իմացել, որ պայուսակում անձնագիր է եղել, չի ցանկացել անձնագիր հափշտակել, իրեն հետաքրքրել է միայն պայուսակում եղած գումարը, որը՝ 15 հազար դրամի չափով, վերցրել է:

Դեպքի վայրի զննությանն ինքը մասնակցել է, այնտեղ հողաթափեր են հայտնաբերվել, որոնք իրենն էին՝ կռվի պահին հողաթափերն իր հագից դուրս էին եկել, ինքը դրանք թողել ու ոտաբոբիկ է հեռացել…

Տուժող Նաիրի Ա.-ն հայտնել է, թե դեպքի օրվա կեսգիշերին գտնվել է Մաշտոցի պողոտայում՝ փակ շուկայի մոտակայքում, ծարավ է եղել, գնացել է «Սուրբ Սարգիս» եկեղեցու բակում գտնվող ցայտաղբյուրից ջուր խմելու: Մի պահ նստել է աստիճաններին, այդ պահին մի երիտասարդ է մոտեցել, սկսել է խոսել իր հետ: Նրա վրայից խմիչքի հոտ էր գալիս: Ինքը հասկացել է, որ նա ուզում է աստիճաններով իջնել, որոշել է նրան օգնել՝ մտածելով, թե խմած է: Մինչև մյուս աստիճաններին հասնելը նա հանկարծ իր ձեռքից խլել է պայուսակն ու աստիճաններով վազել է, հետո սկսել է իջնել դեպի երկաթուղի: Ինքը հետապնդել է նրան, հասել է, նույնիսկ կարողացել է այուսակը հետ վերցնել: Բայց նա արմունկով խփել է իր դեմքին, իրենց մեջ քաշքշոց է սկսվել: Ինքը գոտկատեղից հանել է գոտին ու հարվածել է նրան, իսկ նա բռնել է իր պարանոցից ու սկսել է խեղդել: Երկուսով ընկել են գետնին, նա շարունակել է արմունկներով հարվածել իր գլխի շրջանին… Կռիվը տևել է մի քանի րոպե: Ինքն ուժասպառ է եղել գլխին հասցված հարվածներից, իսկ նա իր ձեռքից խլել է պայուսակն ու փախել է: Ինքը փորձել է հետապնդել, բայց չի կարողացել, ուժերը սպառվել էին: Մի փոքր ուշքի է եկել, զանգել է ոստիկանություն: Եկել են ոստիկանները, իրեն տեղափոխել են հիվանդանոց:

Իր պայուսակն արժեր 5 հազար դրամ, պայուսակում դրամապանակն էր, որի մեջ կային 100 հազար դրամ, 9 հատ հազար դրամանոց թղթադրամներ, 50 վրացական լարի, 10 հազար պարսկական թուման, ինչպես նաև բանկային քարտ: Ընդհանուրը՝ իրեն պատճառվել է 130 հազար դրամի գույքային վնաս:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողին պատճառվել էր թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Վնասվածքներ էր ստացել նաև ամբաստանյալը, դրանք առողջության թեթև վնասի հատկանիշներ չէին պարունակում:

Դատարանն արձանագրել է հանցագործության կատարման ռեցիդիվ Միքայել Մ.-ի կողմից: 2018 թվականի ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նա 2 դրվագ խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել էր 70 հազար դրամ տուգանքի, որը չէր վճարել, ու 2018 թվականի օգոստոսի 7-ին՝ վերը ներկայացված ավազակային հարձակումից չորս օր առաջ, տուգանքի ձևով պատիժը փոխվել էր 210 ժամ հանրային աշխատանքներով: Այսինքն՝ ավազակային հարձակման պահին Միքայել Մ.-ն գտնվում էր հանրային աշխատանքներ պատժատեսակը կրելու մեջ: Այդ պատժից նա ազատվել է Համաներման ակտի կիրառմամբ 2018 թվականի նոյեմբերի 19-ին…

Դատարանը հաշվի է առել, որ Միքայել Մ.-ի խնամքին են երկու անչափահաս երեխաները:

Միքայել Մ.-ն մեղավոր է ճանաչվել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 3 տարի 6 ամիս իրական ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի արգելանքի տակ առնելու պահից, եթե դատավճիռը օրինական ուժի մեջ մտնի:

Դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո Միքայելին կվերադարձվեն նաև իրեղեն ապացույց ճանաչված կապույտ հողաթափերը:

Մինչ այդ նրա խափանման միջոցը կմնա չհեռանալու մասին ստորագրությունը:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով բեկանել այն, մեղսագրված արարքում անմեղ ճանաչել ու արդարացնել Միքայել Մ.-ին:
Նյութի աղբյուր՝1in.am

Please enter a valid URL