Հիմա խոսում են այն մասին, որ առողջ մարդկանց պետք չէ դիմակ կրել: Իսկ ո՞վ գիտի՝ ինքն առողջ է, թե՝ ոչ: Այս վիրուսի ամբողջ նենգությունը հենց դրա մեջ է: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դեպքերի 75 տոկոսն ասիմպտոմ են:
Նա ասաց, որ մինչ այս նաև եղել են դեպքեր, երբ մարդիկ ախտանիշեր չեն ունեցել, սակայն թեստավորվել են ու պատասխանը դրական է եղել:
«Մենք չգիտենք, թե ովքեր են հիվանդ, ովքեր՝ առողջ: Ընդ որում, որևէ տեղ չգիտեն այդ մասին: Ասիմպտոմ դեպքերն այնքան շատ են, որ հիմա կարող ա էս սենյակում գտնվող մարդկանցից, այդ թվում ես վարակված լինենք ու չունենանք որևէ սիմպտոմ: Կարող ա 14-20 օր անցնի ու վիրուսն անցնի, մենք այդպես էլ գլխի չընկնենք»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ այսօր նաև հետազոտություններ են արվում, որպեսզի պարզեն այն մարդկանց թիվը, ովքեր վարակվել ու բուժվել են առանց բժշկական միջամտության:
«Ինչ վերաբերում է դիմակներին, ապա եթե չեմ սխալվում, դրանք պարտադիր են փակ տարածքներում»,-ասաց Փաշինյանը:
«Եթե իմանայինք, թե ովքեր են վարակված, հարցը կլուծվեր: Եթե կորոնավիրուսով վարակվածների դեմքին մի հատ նշան լիներ, հարցը կլուծվեր՝ մենք չէինք մոտենա, նա չէր մոտենա: Նույնը վերաբերում է նաև տանը մնալու պահանջին»: