Search
Close this search box.

«Վոլգոգրադում երեխուս ոտքերն ու ձեռքերը կապել են ու կախել»․ հայ դատապարտյալին խոշտանգել են ՌԴ բանտերում

2019 թվականի դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի դաշնության քրեակատարողական հիմնարկներից մեկում մահանում է հայազգի դատապարտյալ, 27-ամյա Արտյոմ Ղարաջյանը. նրա դին հատնաբերվում է հիմնարկի բժշկական մասում: Մահվան փաստով նախապատրաստվում են նյութեր, սակայն քրեական գործ այդպես էլ չի հարուցվում, հաղորդում է Forrights.am-ը:

Դիահերձման ժամանակ Արտյոմ Ղարաջյանի վրա հայտնաբերվում են մի շարք մարմնական վնասվածքներ: Այնինչ քննիչն արձանագրում է՝ որեւէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու համար օբյեկտիվ ապացույցներ չեն հայտնաբերվել: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Ղարաջյանի մահը վրա է հասել սուր սրտային անբավարարության հետեւանքով, այնինչ հայրը վստահ է՝ որդուն սպանել են։

«Վոլգոգրադում երեխուս ոտքերն ու ձեռքերը կապել են ու կախել»

27-ամյա Արտյոմ Ղարաջյանը Ռուսաստան էր տեղափոխվել 2016 թվականին՝ աշխատելու նպատակով։ Որոշ ժամանակ ծնողները լուր չեն ստանում նրանից, հետո պարզում՝ Արտյոմը կալանավորված է․

«Ռազբոյ ա եղել ինչ-որ, էդ մեղադրանքով են տարել բաժին, հետո, օգտվելով էն հանգամանքից, որ երեխես ռուսերեն լավ չի հասկանում, բռնել երկու գործ էլ վրեն են դրել։ Իրա մոտ, որ գնացի, երդվում պատռվում էր, որ կապ չունի էդ հանցանքների հետ, ասում էր՝ ես չեմ արել, բայց դե հավատացողն ով էր։ Մի ռազբոյի համար 11 տարի դատում են տղուս»,- Forrights-ի հետ զրույցում ասում էր հայրը՝ 67-ամյա Սոկրատ Ղարաջյանը։

Հայրը որդուն մի քանի անգամ է հասցնում տեսակցել։ Հանդիպումներից մեկի ժամանակ Արտյոմը պատմում է, որ եղել է ՌԴ մի քանի քաղաքների բանտերում, որտեղ անասելի ձեւով խոշտանգվել է․

«Վոլգոգրադում երեխուս ոտքերն ու ձեռքերը կապել են ու կախել։ Միայն ձեռքը կոտրելուց հետո են ազատ արձակել։ Նովոռոսիսկում ու Վոլգոգրադում սրսկել են, թուլացել ա, հետո սկսել են ուժեղ ծեծել։ Ինքը չի կարողացել պատասխանի կամ պաշտպանվի։ Տղես բարբի չեմպիոն էր, մեդալներ ուներ, չէր կարող տակ մնալ, ուրեմն ինչ ուժեղ դեղ ա եղել կամ ինչ աստիճանի են ծեծել, որ չի կարողացել պաշտպանվի»,- հուզված պատմում է հայրը։

Արտյոմն անազատությունը գրեթե մշտապես անցկացրել է պատժախցում, չի կարողացել մշտապես կապի մեջ լինել հարազատների հետ, ինչի պատճառով էլ մահվան մասին հարազատներն իմացել են Ռուսաստանում գտնվող ծանոթից․

»15 օր երեխուցս կապ չկար, շատ անհանգիստ էի, զանգեցի ծանոթիս։ Ինքն էր հետաքրքրվել, իմացել պատահածի մասին, բայց սկզբում ասել էր՝ ծանր պառկած ա հիվանդանոցում, բայց դե ինչ պառկած․․․արդեն մահացած էր»։

Արտյոմի դին Հայաստան են տեղափոխում մահից երեք օր անց։ Որդու մարմնի վրա հայրը բազմաթիվ վնասվածքներ է հայտնաբերում ձեռքերին՝ ձեռնաշղթաների հետքեր, քթի վրա՝ թարմ վերքեր, ճակատի հատվածում՝ փոքր ուռուցք, ոտքի եւ գլխի հետեւը՝ պատռվածք։ Այս ամենն արձանագրում է Ստեփանավանի դատաբժիշկը, սակայն Սոկրատին տեղեկացնում, որ իր կողմից տրված թուղթն էական նշանակություն ունենալ չի կարող, քանի որ նախ պետք էր դեպքի մասին Ոստիկանությանը հայտնել։

Արտյոմին հողին են հանձնում դեկտեմբերի 8-ին։

Մահվանից կես տարի անց հայրը շարունակում է ճշմարտությունը որոնել։ Ասում է՝ գոնե իմանա՝ ով ա արել, ինչի՞ ա արել,

«99 տոկոսով համոզված եմ, որ երեխուս սպանել են։ Ինքն անընդհատ կալցերում էր, իրեն անընդհատ պատժախցում էին պահում․․․Լավ ասենք սխալ էր արել, իրոք ռազբոյն արել էր, թեկուզ հազար հանցանք, բայց դրա համար օրենք կա, ինչի եք իմ երեխուն սպանում, ինչի՞ եք ինձ էս ցավի մեջ գցում․․․․»։

«Ղարաջյանին փրկել հնարավոր կլիներ, եթե պատշաճ բուժօգնություն ցուցաբերվեր ժամանակին»

Այսօր Ղարաջյանի մահվան գործով զբաղվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Կարեն Թումանյանը։ Փաստաբանն օրեր առաջ գրավոր բողոք է ներկայացրել ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ քննիչի 2020 թվականի հունվարի 9-ի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ:

Բողոքում Թումանյանը վիճարկում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված Արտյոմ Ղարաջյանի կյանքի իրավունքի պաշտպանությունը, մահվան հանգամանքները պատշաճ քննության չառնելը, ինչպես նաեւ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքը՝ Արտյոմ Ղարաջյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, նրան պատշաճ  բուժօգնություն չցուցաբերելու ու մինչեւ մահը նրան հասցված բռնությունների հանգամանքները պատշաճ չքննելը․

«Չկա որեւէ պատասխանատվության ենթարկված մարդ, չկա գործ, որի շրջանակնրում կպարզվեր, թե ով է բռնության ենթարկել Ղարաջյանին։ Ըստ փաստաթղթերի, Արտյոմը որեւէ խրոնիկ հիվանդություն չուներ, բայց մահվան պատճառը նշել են՝ սրտի կաթված։ Մահը վրա է հասել սուր սրտային անբավարարության հետեւանքով, ինչը նշանակում է, որ դատապարտյալի պահման պայմանները կարող էին էական ազդեցություն ունենալ առողջական այս խնդիրը ձեռք բերելու հարցում, մինչդեռ դատաբժշկական փորձաքննության մեջ նշված չէ, որ սրտային անբավարարությունը համարվում է քրոնիկ բնույթի հիվանդություն։ Մինչ մահը Ղարաջյանը ենթարկվել է բռնությունների, որի վերաբերյալ առկա է համապատասխան եզրակացություն»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Թումանյանը։

Ըստ քրեական գործի նյութերի, Ղարաջյանը խցում անգիտակից վիճակում դեռ մահացած չի եղել։ Փաստաբանի դիտարկմամբ՝ նրան փրկել հնարավոր կլիներ, եթե պատշաճ բուժօգնություն ցուցաբերվեր ժամանակին․

«Ղարաջյանի գիտակցությունը որոշակի մասով տեղն է եղել, ուղղակի ճնշումն է ընկած եղել: Վերակենդանացման գործընթացը կատարվել է «բուժքույրի» մակարդակի։ Որեւէ տեխնիկական միջամտություն չի իրականացվել։ Մահվանից հետո քննություն չի կատարվել պարզելու, թե արդյոք, եթե պատշաճ բուժօգնություն ցուցաբերվեր՝ Ղարաջյանը կապրեր։ Թերի գործ, որի հանգամանքները պետք է պարզվեն»,- հավելում է փաստաբանը։

Please enter a valid URL