Search
Close this search box.

Հանուն ո՞ր արժեքների է արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգվում

Նախապանդեմիական կյանքին վերադարձ չկա։ Սա ապացուցվեց երեկ արտակարգ դրության 1 ամսով երկարաձգմամբ։ Իսկ պանդեմիայի սկզբնական շրջանում վտանգը թերագնահատող, ներկայում ինքնամեկուսացված Առողջապահության նախարարը երեկ ֆեյսբուքյան ասուլիսում նկատեց, որ «եթե նույնիսկ բուժման դեղամիջոց կամ պատվաստանյութ ստեղծվի, միևնույնն է՝ կորոնավիրուսային համավարակի վերջը, հնարավոր է, տեսանելի կլինի ոչ շուտ, քան 5 տարի հետո»:

Եթե արտակարգ դրությունը երակարաձգվում է համավարակի պատճառով, ապա արդյո՞ք նախարարի այս կանխատեսումը նշանակում է, որ առնվազն 5 տարի հանրությունն ապրելու է արտակարգ դրության պայմաններում։ Եթե այո, ապա տրամաբանական կլիներ, որ արտակարգ դրությունը երեկ երակաձգվեր ոչ թե 1 ամսով, այլ 5 տարով։ Այդ դեպքում իշխանությունները պարտավոր կլինեին ոչ թե սահմանելու տրանսպորտից օգտվելու կամ սրճարան այցելելու կանոններ, այլ ընդունելու հակահամաճարակային օրենքներ, որոնցով կկարգավորվեր պետության և հասարակության կյանքն առաջիկա 5 տարիների ընթացքում։ Եթե պարետատանն իրավունք է տրվելու 5 տարի խախտել սահմանադրական նորմերը, ապա միգուցե հարկ է ընդունել նոր սահմանադրություն, որտեղ համապատասխան փոփոխություններով կսահմանվեն նոր կյանքում նոր հարաբերությունների հիմքերը, արժեքները, հիմնարար նորմերը։ Այդպես՝ ստեղծված օբյեկտիվ իրականությունը կարտացոլվի համապատասխան օրենքներում և հիմնարար փաստաթղթերում։ Մասնավորապես՝ կարելի է քաղաքացու իրավունքները սահմանափակող օրենքներ ընդունել, համապատասխան փոփոխություններ կատարել քրեական, քաղաքացիական, վարչական օրենսգրքերում։ Կազմել տնտեսության 5-ամյա ծրագրեր, կառուցել կորոնավիրուսի հիվանդանոցներ, բժշկական ինստիտուտում բացել կորոնավիրուսի ամբիոն։ Եվ ամենակարևորը՝ սահմանել նոր աշխարհի նոր արժեքները, և հանրության ստեղծագործ միտքն ու ջանքն ուղղել նոր աշխարհում տեղ ունենալուն։

Ցավալի է, բայց պարզ չի, թե հանուն ո՞ր արժեքների է արտակարգ դրությունը 1 ամսով երկարաձգվում։ Քաղաքացուն պատասխանատվություն է պատվիրակվում, բայց իրավունքները սահմանափակվում են։ Քաղաքական-հասարակական կյանքը կաթվածահար է։ Բայց այն աշխուժացնելու փոխարեն, խորհրդարանական ծեծկռտուքի թիրախ են դարձնում ամենափոքր խմբակցությունը, հռչակելով այն ամենամեծ ընդդիմություն։ Ներկայում իրականացվող արտակարգ միջոցառումների քաղաքական բովանդակությունը սահմանափակվում է դիմակ-ձեռնոց-ալկոգելով։ Նույնիսկ ոչինչ չի արվում ինքնիշխանությունն ամրապնդելու ուղղությամբ։ Այնինչ ներկայում լավ առիթ է՝ արտակարգի դրոշակով ազգայնացնելու խլված, թալանված միջոցները և այլ ազգօգուտ քայլեր կատարելու։ Եկեք հասկանանք, որ կառավարության համար ճգնաժամն ու արտակարգը դիմակ-ձեռնոց հագնելու, օճառով ձեռքերը լվանալու, ձեռքով դեմքին չդիպչելու համար չի միայն։ Արտակարգը լավ առիթ է՝ կատարելու քայլեր, որոնք անհնար էին թվում և արդարացված չէին լինի սովորական պայմաններում։

Թաթուլ Մկրտչյան

Please enter a valid URL