Search
Close this search box.

Կոչ ԱԺ պատգամավորներին՝ հավաքների ազատության արգելքի հարցով դիմել ՍԴ

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը խնդրագիր է հրապարակել, որով կոչ է անում ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին հավաքների ազատության արգելքն անվավեր ճանաչելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Խնդրագիրը ներկայացնում ենք ստորեւ.

«ԽՆԴՐԱԳԻՐ

Հավաքների ազատության իրավունքը քաղաքացիներին վերադարձնելու մասին

Մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով, ի թիվս այլոց, սահմանվել է հավաքների ազատության արգելք։ Այդ արգելքը պահպանվել է նաեւ կառավարության ապրիլի 13-ի եւ մայիսի 14-ի որոշումներով։

Այսինքն՝ մարդու հիմնարար քաղաքական իրավունքներից մեկն արդեն 60 օր շարունակ գտնվում է ամբողջական արգելանքի ներքո, եւ այդ վիճակը շարունակվելու է եւս առնվազն 30 օր։

Եթե սկզբնական շրջանում այդ արգելքը կարող էր ընկալվել որպես անհրաժեշտ եւ համաչափ, ապա այսօր այդ ընկալումն արդեն գոյություն չունի՝ հետեւյալ պատճառներով.

1) ի սկզբանե կիրառված շատ այլ կոշտ սահմանափակումներ արդեն վերափոխվել են ճկուն գործիքների, երբ իրավունքի իրականացման հնարավորությունը ոչ թե արգելափակվում է, այլ պայմանավորվում կանխարգելիչ միջոցառումներով (սոցիալական հեռավորության պահպանում, դիմակների կրում եւ այլն)։

2) իշխող քաղաքական ուժը շարունակաբար ստեղծում է հանրային դժգոհության առիթ տվող իրավիճակներ (զգայուն հարցերով առանց պատշաճ քննարկման հապճեպորեն ընդունում է խիստ վիճելի իրավական ակտեր, նախաձեռնում է կասկածելի քրեական հետապնդումներ)՝ միաժամանակ քաղաքացիներին արգելելով հավաքների կազմակերպմամբ սահմանադրական ճանապարհով բողոքել ապօրինությունների դեմ։ Այդպիսով իշխող քաղաքական ուժը հավաքների արգելքն օգտագործում է հակաիրավական նպատակով։

Նշվածի հիման վրա ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ կոչ ենք անում օգտվել ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով իրենց վերապահված լիազորությունից եւ դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հավաքների ազատության արգելքն այսուհետ ճանաչել Սահմանադրության 76-րդ (սահմանափակումները՝ «միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը» պայման) եւ 77-րդ («համաչափության սկզբունք») հոդվածներին հակասող ու անվավեր։

Սույն խնդրագիրը բաց է հասարակական կազմակերպությունների եւ հանրային գործիչների կողմից միանալու համար։

Please enter a valid URL