Search
Close this search box.

Մանկապարտեզներում խմբերը կլինեն 10-12 հոգանոց. արտակարգ ռեժիմում՝ մանկապարտեզների գործունեության մասին

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, որն ուժի մեջ է մտնում մայիսի 17–ին ժամը 23։59–ից։ Որոշման 12-րդ հավելվածով սահմանվում են նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կանոնները։

Առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության տնօրենը: Նախադպրոցական կրթական հաստատությունների գործունեության կազմակերպման ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում պետք է գործեն ստորև ներկայացված կանոնները:

1. Ընդհանուր կանոններ
1) Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

բ. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք,

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

2) Բացառվում է երեխային ուղեկցող անձի մուտքը նախադպրոցական կրթական հաստատություն:

3) Բացառվում են նախադպրոցական կրթական հաստատության շենքին հարակից տարածքներում մարդկանց կուտակումները: Հաստատություն հաճախող սաների ընդունումը և ճանապարհումն իրականացվում է հերթայնության կառավարմամբ (օրինակ՝ կարող են սահմանվել երեխաների՝ նախակրթարան գալու և գնալու ժամային միջակայքեր)՝ պահպանելով մարդկանց միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն:

4) Անհրաժեշտ է նախակրթական հաստատությունում երեխաների խնամքի և կրթության գործընթացը կազմակերպել բեռնաթափված խմբերով՝ դրանք դարձնելով 10-12 հոգանոց և ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։

5) Անհրաժեշտ է ժամանակավորապես սահմանափակել նախադպրոցական կրթականհաստատություն հաճախելիությունը՝ առաջնահերթություն տալով այն երեխաներին, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար ձևով կազմակերպելու անհնարինությամբ և/կամ այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված: Անհրաժեշտ է նախապես ցուցակագրել այն երեխաներին, որոնց ծնողները կամ խնամակալները երեխաներին նախակրթական հաստատություն ուղարկելու մտադրություն են հայտնել:

6) Եթե երեխայի ծնողների (խնամակալների) շրջանում նախկինում հաստատվել է Կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19), կամ նրանք շփում են ունեցել նշված հիվանդությամբ հաստատված դեպքերի հետ և գտնվել են մեկուսացման և/կամ ինքնամեկուսացման մեջ, ապա առաջին անգամ ներկայանալիս այդ երեխաների ծնողների (խնամակալների) կողմից ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր ախտորոշման «բացասական արդյունքը» փաստող տեղեկանք (տեղեկանքի վաղեմությունը չպետք է գերազանցի 7 օրը):

7) Պետք է ժամանակավորապես ձեռնպահ մնալ նախադպրոցական կրթական հաստատությունում լրացուցիչ ընդունելություն կազմակերպելուց՝ ելնելով 4-րդ և 5-րդ կետերով սահմանված կանոնները պահպանելու տրամաբանությունից:

8) Բացառվում է մարդկային կուտակում ենթադրող միջոցառումների, այդ թվում՝ անցանց հավաքների ու ժողովների անցկացումը:

2. Տարածքի ախտահանումը
1) Նախադպրոցական կրթական հաստատությունները վերաբացելուց 1 օր առաջ և յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո իրականացվում են ընդհանուր մաքրման և ախտահանման աշխատանքներ հաստատության ամբողջ տարածքում, ներառյալ, այդպիսին լինելու դեպքում, բակային տարածքի խաղահրապարակը և գույքը՝ կիրառելով 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր:
Ննջասենյակներում կամ քնելու համար առանձնացված տարածքներում ախտահանումն իրականացվում է քնելուց առաջ, խաղասենյակներում կամ խմբասենյակներում՝ քնի ժամի ընթացքում։ Ճաշելուց հետո տարածքը ախտահանվում է, այդ թվում՝ սեղանները, բռնակները, ծորակները և այն ամենն, ինչին երեխաները կարող են ձեռք տալ։

2) Նախադպրոցական կրթական հաստատություններում իրականացվում է տարածքների (խմբասենյակ, ճաշասենյակ, ննջասենյակ, սանհանգույց և այլն) օդափոխում 2 ժամը մեկ:

3) Մուտքի մոտ ապահովվում է 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերով տարաների առկայություն՝ յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:

4) Հաստատության մուտքի մոտ, սանհանգույցներում և հաստատության տարածքում տեղադրվում են փակվող աղբամաններ՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար:

5) Ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն խաղալիքները և այնպիսի իրերը, որոնց ամենօրյա ախտահանում հնարավոր չէ իրականացնել։ Խաղալիքները հավաքվում են առանձին տարաներում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են:

3. Աշխատողների համար կանոններ
1) Իրականացվում է աշխատողների ջերմաչափում հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ, որոնցից մեկը՝ աշխատանքի ներկայանալիս` նախքան կրթական հաստատություն մուտք գործելը: Ջերմություն ունենալու դեպքում աշխատողներին չի թույլատրվում մուտք գործել հաստատություն՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով 8003 համարով:

2) Նախակրթարանի ողջ անձնակազմն աշխատանքային և ընդմիջման ժամերին ապահովվում է անհատական պաշտպանության միջոցներով (ձեռնոցներ և դիմակներ)՝ դրանք 3-4 ժամը մեկ փոխելու հնարավորությամբ:

4. Երեխաների խնամքը
1) Իրականացվում է երեխաների ջերմաչափում և զննում հեռավար կամ անհատական օգտագործման (ծնողի կողմից բերված) ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ, որոնցից մեկը՝ նախքան կրթական հաստատություն մուտք գործելը: Ջերմող երեխաներին չի թույլատրվում մուտք գործել հաստատություն, և այդ մասին անմիջապես տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծին՝ զանգահարելով 8003 համարով:

2) Ժամանակավորապես չեղարկվում կամ հետաձգվում են նախադպրոցական կրթության ծրագրերի շրջանակներում նախատեսված խմբային միջոցառումները (օրինակ՝ հանդեսներ, տոնական միջոցառումներ, ծննդյան տարեդարձներ և այլն):

3) Երեխաներն ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններով՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով: Սանհանգույց երեխաները հաճախում են մեկական: Ապահովվում է ձեռքերի հաճախակի լվացում:

4) Խմբերի վարման շարունակական գործընթացն իրականացվում է նույն խմբասենյակում կամ դասասենյակում: Միաժամանակ, ապահովվում է, որպեսզի յուրաքանչյուր երեխա շարունակաբար քնի նույն անկողնում։ Անկողնային սպիտակեղենը ամեն օր պարտադիր լվացվում և փոխվում է։

5) Խաղերի և պարապունքների ժամանակ պետք է նվազագույնի հասցնել երեխաների միջև սերտ շփումները։

6) Ավագ խմբերում իրականացվում են բացատրական դասընթացներ` կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

5. Սննդի կազմակերպումը
1) Հնարավորության դեպքում երեխաները բերում են սնունդը տնից՝ առանձնացված տարաների մեջ։

2) Նպատակահարմար է մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը։ Բազմակի օգտագործման սպասքի կիրառումը հնարավոր է բացառապես պարտադիր ախտահանման պայմանով:

3) Միաժամանակ օգտագործվող սպասքի և պարագաների քանակը պետք է բավարարի երեխաների սննդի կազմակերպման ողջ պահանջարկը: Չի թույլատրվում օգտագործել ճաքերով, վնասված եզրերով, դեֆորմացված, վնասված էմալով սպասք:

4) Ժամանակակից սպասք լվացող մեքենաների առկայության պարագայում սպասքի մեքենայացված լվացումն իրականացվում է դրանց շահագործման հրահանգին համապատասխան՝ կիրառելով սպասքի և սեղանի պարագաների ախտահանում ապահովող մշակման ռեժիմներ 65°C–ից ոչ ցածր ջերմաստիճանում 90 րոպե տևողությամբ:

5) Սպասքի՝ ձեռքով լվացման համար նախատեսվում են առանձին ավազաններ: Սպասքի լվացումը ձեռքով իրականացվում է հետևյալ կարգով.
 սննդի մնացորդների մեխանիկական հեռացում,
 լվացում՝ ավազանի բաժիններից մեկի ջրի մեջ լվացող միջոցների ավելացմամբ,
 լվացում ավազանի երկրորդ բաժնում 40 °C–ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրում և երկու անգամ քիչ քանակությամբ լվացող միջոցների ավելացմամբ, քան ավազանի առաջին բաժնում,
 սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցում ավազանի երրորդ բաժնի մեջ 65°C–ից ոչ ցածր ջերմաստիճանի տաք հոսող ջրով լվացում, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,
 ամբողջ ճաշի սպասքի և պարագաների մշակում ախտահանիչ միջոցներով՝ դրան կիրառման հրահանգին համապատասխան,
 սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցի մեջ ավազանի երրորդ բաժնում հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,
 սպասքի չորացում ցանցե դարակների, դարակաշարերի վրա:

6) Մեկանգամյա սպասքի կիրառման ժամանակ իրականացվում է օգտագործված սպասքի հավաքում մեկանգամյա, սերտ փակվող պլաստիկից փաթեթների մեջ, որոնք տեղափոխվում են աղբավայր:

Please enter a valid URL