Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դանակահարություն Գավառ ճանապարհին. երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Գավառի բաժնում հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ մեջքի կտրած-ծակած վերքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ:

Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Իրավապահները կազմեցին համապատասխան արձանագրություններ, զրուցեցին բժշկի, նաև տուժողի հետ: Երիտասարդը վստահեցնում էր, թե վերքը ստացել է ընկնելու հետևանքով: Սակայն վնասվածքի բնույթն այլ բան էր հուշում, և նրա հայտարարությունը ոստիկաններին հավատ չներշնչեց:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքից մոտ մեկ ժամ անց պարզվեց, որ Ծաղկաշեն-Գավառ ճանապարհին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է համագյուղացին` Ծաղկաշեն գյուղի 22-ամյա մի բնակիչ:

Ժամը 20.30-ի սահմաններում կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Գավառի բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ դանակը հայտնաբերվել է:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Ոստիկանություն

Please enter a valid URL