Search
Close this search box.

Վտանգավոր մանկական հիվանդության բռնկումը կարող է կապ ունենալ կորոնավիրուսի հետ

Ֆրանսիայում գրանցվել է Կավասակի համախտանիշի բռնկում, որը վտանգավոր մանկական հիվանդություն է և կարող է կապ ունենալ կորոնավիրուսի համաճարակի հետ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ֆրանսիացի գիտնականների տվյալների համաձայն, Փարիզի հիվանդանոցներ են տեղափոխվել Կավասակի հիվանդությամբ 17 անչափահասներ։ «Կավասակի համախտանիշի ընթացիկ բռնկումը կարող է կապ ունենալ SARS-CoV2-ի հետ և աղեստամոքսային խնդիրներով աֆրիկյան ծագմամբ երեխաների մեծ տոկոս է ներառում»,- ասվում է նրանց հրապարակած զեկույցում։

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ևս հայտնել է երեխաների շրջանում բորբոքային համախտանիշի տարածման մասին, որը, ենթադրաբար, կապված է կորոնավիրուսի հետ, գրում է New York Times-ը։

Դե Բլազիոյի խոսքով՝ քաղաքում նման համախտանիշ է հայտնաբերվել 38 երեխայի մոտ, ևս ինը դեպքերում ախտորոշումը դեռևս չի հաստատել: Հիվանդ երեխաների մոտ նկատվում է ավելորդ իմունային ռեակցիա, որը հանգեցնում է ներքին օրգանների վնասմանը:

Այս տեղեկությունը հաստատել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն։ Նա հստակեցրել է, որ Նյու Յորքում ստուգվում է նշված համախտանիշի 85 դեպք։

Նշվում է, որ բորբոքային համախտանիշի ախտանշանները նման են Կավասակի հիվանդությանը (արյունատար անոթների բորբոքային հիվանդություն․ հիմնական ախտանիշներն են՝ տենդ, որը տևում է ավելի քան 5 օր և չի պատասխանում սովորական դեղորայքին) և Տոքսիկ շոկի համախտանիշին (բակտերիալ տոքսինների ազդեցությամբ առաջացող վիճակ է։ Բնորոշ ախտանիշներն են տենդը, ցանը, մաշկի շերտազատումը և զարկերակային ճնշման անկումը)։

Հաղորդվում է, որ երեխաների 47 տոկոսը վարակված է կորոնավիրուսով, իսկ 81 տոկոսի օրգանիզմում կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերել։

Վերջին տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվածության 4,5 միլիոն դեպք է գրանցվել։ SARS-CoV-2-ի պատճառով մահացածների թիվը գերազանցել է 300 հազարը։

Please enter a valid URL