Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել, ինչը, իհարկե, չի նշանակում, որ ինքս ինձ «ազատում եմ» Արցախի անվտանգության ապահովման գործում ունեցած անձնական պատասխանատվությունից: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Արշավիր Ղարամյանը։
«Ողջ կյանքս նվիրել եմ մեր հայրենիքի ազգային ազատագրական պայքարին, բոլոր հնարավորություններս օգտագործել եմ՝ մեր ընդհանուր անվտանգության պահովման գործում իմ համեստ չափաբաժինն ունենալու հարցում: Հավաստիացնում եմ, որ, անկախ պաշտոնից, կարգավիճակից՝ շարունակելու եմ իմ առաքելությունը: Մի քանի անգամ տարբեր առիթներով ասել եմ, որ ոչինչ չի խանգարում մարդուն օգտակար լինել իր հայրենիքին՝ անկախ նրանից, թե որքան հնարավորություններ ունի նա, որ ոլորտում կարող է օգտակար լինել, կամ ինչ կարգավիճակ ունի: Ես ապրել ու ապրում եմ այդ սկզբունքով: Մենք դեռ շատ անելիքներ ունենք՝ մեր պայքարն իր վերջնակետին հասցնելու և մեր հաղթանակները սերունդներին փոխանցելու համար: Ես և իմ ընկերները դա մեր կյանքի առաքելությունն ենք համարում, ապրել և ապրելու ենք այդ համոզմամբ, գործել և գործելու ենք այդ տրամաբանությամբ»: