Թերևս ճիշտ են նրանք, ովքեր ասում են` եթե չլիներ «Հրազդան» մարզադաշտը, չէր լինի «Արարատի» փառահեղ հաղթարշավը։ 49 տարեկան մարզադաշտում տարիներ առաջ պատմական մրցախաղեր են անցկացվել, իսկ հիմա այդ տարածքն անմիխիթար վիճակում է հայտնվել։
1970-ական թվականներին «Արարատի» յուրաքանչյուր խաղը յուրատեսակ ցնծության առիթ էր: Հաջողության խանդավառ ճիչերից միահյուսված հսկայական մարզադաշտի ջերմամիջուկային աղմուկի մեջ շատերը տեսնում էին հայերի հավաքական ուժի և միասնության խորհուրդը:
Դեռ պատանեկությանս տարիներին հայրս ինձ շատ անգամ էր ուսերին դրած բարձրացնում վեր, և ես մարմնիս բոլոր բջիջներով ըմբոշխնում էի համաժողովրդական տոնախմբությունը, որի պատճառը ֆուտբոլն էր՝ հայերի ամենասիրած մարզաձևը, իսկ այդ ոգևորության մարմնացումը, բնականաբար, գեղատեսիլ մարզադաշտն էր, որտեղ մեծ վերելքով հանդես էր գալիս մեր սիրելի «Արարատ» ակումբը։
Ցավում եմ, որ նույն բերկրանքը չեմ կարող պարգևել որդուս` նրան բարձրացնելով ուսերիս ու հաղորդակից դարձնելով այն ոգևորությանը, որն ուղեկցել է մեզ տասնամյակներ շարունակ, որովհետև ժողովրդին բերկրանք պարգևած մարզադաշտը մնացել է առանց մեծ ֆուտբոլի։ Այնտեղ հարթ ու խնամված խոտածածկի փոխարեն այժմ վայրի կակաչներ են աճում, մինչդեռ ասում են, որ հատկապես երդվյալ երկրպագուները, որոնք հոգու խորքում անթեղել են «Արարատի» հաղթարշավի արձագանքները, «Հրազդան» մարզադաշտ էին այցելում որպես ֆուտբոլային ուխտատեղի։ Հատկապես գիշերային ժամերին, երբ ֆուտբոլային եռուզեռը հասնում էր գագաթնակետին, մարզադաշտի լուսարձակներն անցորդների ու հեռվից դիտողների վրա թողնում էին հսկայական կերոնների տպավորություն` ընկալվելով որպես յուրատեսակ փարոսներ, որոնք լույս ու ջերմություն էին սփռում շուրջ բոլորը, և այդ ֆուտբոլային հսկա խառնարանում եփվում էին իսկապես տիեզերական կրքեր։
Իսկ այսօր մարզադաշտը լքված է ու անմխիթար վիճակով ցավ է պատճառում ոչ միայն ֆուտբոլասերներին, այլև բարձրաճաշակ ճարտարապետությունը գնահատողներին, որոնք առաջին իսկ հայացքից ընկալում են շինարարական բարդ ու հետաքրքիր լուծումների արգասիք հանդիսացող բարձրարժեք կառույցի էությունը։ Մարզադաշտի ասիմետրիկ ձևն իր երկհարկանի տրիբունաներով ի սկզբանե պայմանավորված էր հենց լանդշաֆտային առանձնահատկություններով, և «Հրազդանն» ասես միաձուլված է բնությանը։
Հատկանշական է, որ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակին ընդառաջ կառուցված մարզադաշտը խորհրդային ղեկավարության կողմից արժանացավ քննադատության։ Պատճառաբանվում էր, որ 750 հազար բնակչություն ունեցող Երևանը կարիք չունի 75 հազարանոց մարզադաշտի, սակայն մասնագետներին հաջողվեց հակառակն ապացուցել՝ հիմնավորելով, որ մարզադաշտը ոչ միայն մայրաքաղաքի համար է, այլև ամբողջ հանրապետության, կարելի է ասել` նույնիսկ ամբողջ հայության համար, քանի որ ժամանակի հետ դարձավ մայրաքաղաքի այցեքարտերից մեկը, իսկ «Արարատն» իր նվաճումներով իսկապես նպաստեց համաժողովրդական զարթոնքին, միասնությանն ու համերաշխությանը։
Հենց աննախադեպ նվաճումից ոգևորված Հովհաննես Շիրազը ժամանակին գրեց. «Ձեզ Մասիսի ոսկուց պիտի ձուլենք փառքի շքանշան, երբ Մասիսի գագաթն հանենք գավաթն իբրև հայ ատրուշան»։
Հայերը Սև ծովի փոխարեն «Հրազդան» կգնա՞ն. մարզադաշտի փառավոր անցյալն ու մշուշոտ ապագան
Երբ «Արարատ-73»–ի հենասյուներից Ալեքսանդր Կովալենկոյին մի առիթով հարցրին, թե որն էր նրա կարիերայի ամենահիշարժան իրադարձությունը, նա առանց վարանելու նշեց 1971 թվականի մայիսի 19–ը։ Այդ օրը նվիրական էր ոչ միայն նրա համար, որ նորաբաց «Հրազդանում» դարձավ անդրանիկ գոլի հեղինակը, այլև նվիրական էր բոլոր հայերի համար, որովհետև այդ օրվանից սկսվեց հայկական ֆուտբոլի վերելքի ժամանակաշրջանը. այդ օրը բացվեց «Հրազդան» մարզադաշտը, իսկ նույն տարում «Արարատը» դարձավ ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր։
Տարեց սերնդի ներկայացուցիչները սրտի թրթիռով են հիշում 1973թ.–ի հոկտեմբերի 28–ը, երբ «Արարատը» պաշտոնապես հռչակվեց ԽՍՀՄ չեմպիոն։
Ավելի քան 80 հազար երկրպագուներ մարզադաշտ էին եկել ոչ միայն ֆուտբոլային հանդիպում դիտելու, այլև մեծ ու վառ տոնին մասնակցելու նպատակով: Բոլոր տրիբունաներից լսվում էր հայկական ավանդական երաժշտությունը` զուռնա–դհոլի նվագակցությամբ: Տրիբունաների միջև անցումներում երևում էին գունագեղ տարազներ։ Հայ ազգային երգի ու պարի համույթները գեղեցիկ կատարումներով արարատցիներին շնորհավորեցին երկրի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ, իսկ երկրպագուները տրիբունաներում կազմակերպեցին անմոռանալի հրավառություն։
«Հրազդանը» ժամանակի հետ տեսավ համաշխարհային մեծության աստղերի, այդտեղ հյուրընկալվեցին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն հավաքականներն իրենց հանրահայտ խաղացողներով։ «Հրազդանի» տարեգրության մեջ գրանցվել են բազում հետաքրքիր, նույնիսկ պատմական մրցախաղեր, որոնց հիշատակումն այսօր էլ թնդացնում է ֆուտբոլասերների սրտերը։ Եվ բնական է, որ գեղատեսիլ մարզադաշտի անմխիթար վիճակը ցավ է պատճառում նրանց, ում աչքերին խորթ են մոլախոտն ու վայրի կակաչները, ինչպես նաև խորթ են այն պնդումները, որ կառույցն ալևս չի համապատասխանում միջազգային չափանիշներին, որ տարիներ առաջ ճանաչվել է սնանկ և հիմա բանկերից մեկում գրավ է դրված 26 միլիոն դոլարով։
Նյութիաղբյուր՝ armeniasputnik.am
Մանվել Մարգարյան