Պարետատունը քննարկում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Հիմա քննարկվում է երկարաձգելու հնարավորությունը, քանի որ այն հանգամանքները, որոնք բերել են արտակարգ դրության հայտարարման, չեն վերացել», — ասել է Վահան Հունանյանը։
Նա նշել է, թե այս պահին կոնկրետ ժամկետներ չկան՝ որքանով կերկարաձգվի արտակարգ դրությունը։
«Եթե երկարաձգվի, ամենայն հավանականությամբ, կլինի ևս մեկ ամսով», — ասել է Տիգրան Ավինյանի խոսնակը։
Հարցին՝ ոլորտները, որոնք այս օրերին սկսկել են կրկին աշխատել, նորից կփակվե՞ն, ի՞նչ որոշում կա այդ մասով, Վահան Հունանյանը նշել է, թե ցանկացած խստացում և մեղմացում հիմնվում է որոշակի զարգացումների ու վերլուծությունների վրա։
«Եթե տեսնում ենք, որ որևէ ոլորտում խնդիր կա ու անհրաժեշտություն կա խստացման, որոշումը կայացվում է, եթե ոչ՝ մեղմացվում է։ Այս պահի դրությամբ՝ նման ոլորտ չկա, եթե անհրաժեշտություն լինի, մենք որոշում կկայացնենք ու կտեղեկացնենք», — հավելել է Վահան Հունանյանը։
Արտակարգ դրության ժամկետն ավարտվում է մայիսի 14-ին