Search
Close this search box.

«Բնապահպանության ոլորտը վերածել շոուների, ընդունելի չէ». նախկին փոխնախարարի ուշագրավ խոստովանությունը

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հրաժարականը բազում հարցեր է առաջացրել հանրության ու ոլորտի ներկայացուցիչների շրջանում։ Ինքը՝ նախկին նախարարը, ներկայացնելով վերջին երկու տարվա իր կատարած աշխատանքը, նշել էր, որ «մեր աշխատանքները այս համատարած սենսացիոն և լայքաբեր տեղեկատվական հոսքերում տեղ չգտան և հնչեղություն չստացան, գուցե շատ զբաղված էինք համակարգ կառուցելով, քան աղմուկ հանելով։ Մեր բոլոր գործողություններում մեզ առաջնորդել է միայն և միայն պետական շահը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքի ապահովումը»։ Բնապահպանները, սակայն, թերահավատորեն են մոտենում նախարարի այս հայտարարությանն ու երկու տարվա կատարած աշխատանքի հաշվետվությանը։

Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը, որը անցած տարի սեփական դիմումի հիման վրա ազատվեց աշխատանքից, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ չի ցանկանում նախկին իշխանությունների մարդ-նախարարների էֆեկտը շարունակվի։

«Այսինքն՝ նախարարություններ, որոնք լուրջ գործընթացներ չունեն, ավելի շատ հարմարվում են եկած նախարարին ու անում այն գործողությունները, որոնք կհայտնվեն տվյալ անձի գլխում՝ կախված նրա կրթությունից, կարողություններից, փորձից։ Հարմարվել մի մարդու ցանկություններին։ Մենք խնդիր ունենք ոլորտներն ուղղելու, որպեսզի դրանք կայանան որպես գերատեսչություններ»,- կարծիք հայտնեց նախկին փոխնախարարը։

Նրա խոսքերով՝ բնապահպանության ոլորտում հեղափոխության փոխարեն, այսպես ասած, «բնախեղափոխություն» է կատարվել։ «Չեմ ուզում ենթադրություններ անել, թե նախարարի հրաժարականը կոնկրետ ինչի վրա է հիմնված եղել։

Ցավոք սրտի, վերջին երկու տարվա մեջ որևէ լուրջ գործողություն ոլորտում չի իրականացվել։ Լուրջ ուսումնասիրություններով, հիմնավորումներով ներկայացրել ենք, որ այս, այս խնդիրներն առաջնային են ու մոտակա ամիսների ընթացքում պետք է անհապաղ լուծվեն։ Բայց այդ խնդիրները չեն լուծվել։ Ինչպես Սևանի մասով, այնպես էլ մնացած ուղղություններով՝ Արարատյան ստորգետնյա ավազան, հիդրոէլեկտրակայաններ, անտառկառավարում և այլն։ Խնդիրները բաց են մնում։ Ոլորտը վերածել ինչ-որ ձևական, ցուցադրական շոուների, ընդունելի չէ։ Կարևոր էկոհամակարգերի հետ տեղի ունեցող սխալները, որոնք նախկինից գալիս են, ու այսօր մենք շատ սուղ ժամանակ ունենք այդ բացասական գործընթացները դադարեցնելու համար, անդառնալի են»,- ընդգծեց Այսեր Ղազարյանը։

Նախկին փոխնախարարը կարծիք հայտնեց, որ իր հրաժարականի պատճառները գուցե դեր խաղացել են նախարարի հրաժարականի հարցում։ «Այս ամեն ինչը երևի դրանցից մեկի ճչացող փաստերի հետևանք էր։ Մի քանի ուղղություններով ես հայտարարություն ներկայացրի, նախարարությունը շտապեց դրանք հերքել, չնայած, որ բոլոր հերքումները սուտ էին։ Բոլոր գործողությունները, որոնք նախարարությունն ասում էր՝ արել ենք, ըստ էության, քայլերն արվել են հենց իմ նախաձեռնությամբ։ Բոլոր փաստաթղթերն առկա են։ Մեծ ճնշումների տակ էր դա կատարվում։ Փորձում էինք ճեղքել հին համակարգի պահպանությունը։ Ավելի շատ աջակցում էին հին համակարգին, որպեսզի խնդիրները չգնան լուծումների փուլով։ Մասնավորապես՝ Սևանա լճում այնպիսի տեղեկատվություն էր վեր հանված ու բացահայտված, որոնց պետք է լուծում տրվեր։ Մենք լուրջ գործերով պետք է զբաղվենք։ Մարդկանց իմիտացիոն ու մանիպուլյացիոն դաշտը պետք է սահմանափակվի, որպեսզի ապագայում գոնե նվազեցնենք սուբյեկտիվ սխալների հնարավորությունը։ Այլապես, մենք գնում ենք կործանման ճանապարհով։ Ոլորտը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած։ Շարունակել առանց տեսլականի, կույր կառավարումն անընդունելի է»,- ասաց ոլորտի նախկին պաշտոնյան։

Այսեր Ղազարյանը հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ բնապահպանության նախարարությունում չեն ցանկացել բարձրաձայնել նախկին տարիներին Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման, պահածոյացված սիգի, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի վերաբերյալ տեղեկատվությունը։ «Սևանա լիճը կանաչում է, Սևանը մեռնում է, ֆոսֆորի քանակությունը լճում սլացիկ բարձրանում է, ասում ենք` ձկնաբուծական ցանցավանդակները մեկ օր շուտ պետք է հանենք, բայց մարդիկ, չգիտեմ՝ ինչ են մտածում… Սևանը կորցնում ենք: Շատ հարցեր կան, որոնց պատասխանները չկան»,- իր հարցազրույցներից մեկում բարձրաձայնել էր Ղազարյանը։

Ղազարյանը բացահայտել է, որ չնայած այն բանին, որ վերջին տարիներին, երբ հանրապետությունում սիգի որսը պաշտոնապես արգելված է, ՀՀ-ից արտահանվել է սիգի պահածո` յուղի և տոմատի մեջ: Իսկ բնապահպանության նախարարությունը լռել է` ոչինչ չձեռնարկելով:

Please enter a valid URL