Search
Close this search box.

Կարեն Կարապետյանը չինական ընկերությունից պահանջել է վերացնել «Հյուսիս-հարավ»-ում ի հայտ եկած թերությունները

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին եւ հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինին:

Կառավարությունից տեղեկացնում են, որ Կարեն Կարապետյանը կարեւորել է հայ-չինական տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը եւ ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է չինական կապիտալի՝ հայաստանյան շուկա ներգրավմամբ: Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկու երկրներն ունեն փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ, հաշվի առնելով նաեւ բիզնեսի համար մեր երկրի հնարավորությունները՝ ԵՏՄ, եվրոպական եւ իրանական շուկաներ դուրս գալու հանգամանքը:

Իր հերթին, դեսպան Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանը եւս կարեւորում է Հայաստանի հետ փոխշահավետ կապերի ամրապնդումը եւ ընդգծել, որ այսօր կան լայն հնարավորություններ՝ երկուտեք հետաքրքրություն ներկայացնող կարեւորագույն ծրագրեր ֆինանսավորելու համար:

Անդրադառնալով հյուսիս-հարավ ավտոճանապարհի՝ Թալին-Լանջիկ հատվածում շինաշխատանքների ընթացքին, որոնք իրականացնում է «Սինոհիդրո» ընկերությունը, Կարեն Կարապետյանն ընդգծել է որակյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը եւ պահանջել իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ առաջացած բոլոր խնդիրները վերացնելու համար:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ նոր «Մետաքսի ճանապարհ» ծրագրին Հայաստանի հնարավոր ներագրվմանն ու հայ-չինական հարաբերություններին առնչվող այլ հարցեր:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Հյուսիս-հարավ մայրուղու մի քանի հատվածներ կատարած այցի ժամանակ պահանջել է չշարունակել բետոնապատման աշխատանքները մինչեւ որակի լաբորատոր փորձաքննության արդյունքները:

Please enter a valid URL