Search
Close this search box.

«Ինչի՞ ես քշում վրես…». Վիճաբանություն և դաժան ծեծ՝ Աբովյանում ճանապարհ չզիջելու և հայհոյելու պատճառով

1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Իգիթ Հ.-ի գործի դատական քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ:

32-ամյա Իգիթին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանական դրդումներով միջին ծանրության վնասվածք հասցնելու, ինչպես նաև՝ թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 117 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 17-ի սահմաններում Իգիթ Հ.-ն վարել է կնոջ անունով հաշվառված «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան ու երթևեկել է Աբովյան քաղաքի Երևանյան փողոցին զուգահեռ երկրորդական ավտոճանապարհով: Նա հասել է Հանրապետության փողոց ու, ըստ մեղադրանքի՝ «խախտելով ճանապարհային երթևեկության ու մարդկային համակեցության կանոնները, չի զիջել Հանրապետության փողոցով երթևեկող Արթուր Մ.-ի վարած «Օպել Աստրա» մեքենային, իր մեքենան վարել է «Օպելի» վրա, որի վարորդը հնարավոր պատահարը կանխելու համար ազդանշան է տվել, ապա դիտողություն է արել Իգիթին՝ մեքենան վտանգավոր եղանակով վարելու համար»:

Ըստ մեղադրանքի՝ չհանդուրժելով իրեն արված դիտողությունը, Իգիթ Հ.-ն խուլիգանական դրդումներով մեքենան վարելով անցել է Արթուր Մ.-ի վրած մեքենային, փակել է այդ մեքենայի ճանապարհն ու հայհոյել է վարորդին: Այդ պահին Արթուր Մ.-ի մեքենայում գտնվող Վալերի Մ.-ն՝ Արթուրի որդին, դուրս է եկել մեքենայից ու մեկ անգամ բռունցքով հարվածել է Իգիթին: Վերջինս գնացել է դեպի իր մեքենան, դրա միջից հանել է մետաղական իրանով ու փայտե բռնակով հարմարեցված մահակը, վերադարձել է Արթուրի ու Վալերիի մոտ ու մահակով հարվածել է նրանց: Արթուր Մ.-ի առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ ձախ ձեռքի մատների ոսկրերի տեղաշարժով կոտրվածքների ու ձախ բազկի արյունազեղման ձևով, իսկ Վալերի Մ.-ի առողջությանը պատճառել է թեթև վնաս՝ ձախ քունքածոծրակային շրջանի քերծված տեղամասի ու սալջարդ վերքի, ձախ բազկի արյունազեղումների ձևով, ու դիմել է փախուստի:

Իգիթ Հ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:

Նախաքննական ցուցմունքում Իգիթ Հ.-ն նշել է, որ դեպքի օրն ինքը մեքենայով ընթանում էր Երևանից Աբովյան: Քանի որ Աբովյանի Երևանյան փողոցը ծանրաբեռնված էր, իսկ ինքը շտապում էր, որոշել է այդ հատվածը շրջանցել զուգահեռ փողոցով: Հասել է Հանրապետության փողոց, որտեղ կանգառում կանգնած էր երթուղային ավտոբուս, դրա հետևում՝ մի «Օպել»: Ինքը ցանկացել է շրջանցել, սեղմել է գազի ոտնակը ու փորձել է անցնել «Օպելին», բայց լսել է, որ դրա վարորդը հայհոյել է իրեն ու քթի տակ մրթմրթալով՝ շարունակել է ընթացքը: Ինքը ցանկացել է իմանալ՝ ինչ է խոսում այդ մարդը ու ցանկացել է նաև պատասխան ստանալ հայհոյանքի համար, ընթացել է այդ մեքենայի հետևից, անցել է նրան ու կանգնել: Դուրս է եկել մեքենայից, մոտեցել է «Օպելի» վարորդին, տեսել է, որ նա տարիքով իրենից մեծ է, նկատողություն է արել իրեն հայհոյելու համար ու ի պատասխան՝ ինքն էլ նրան է հայհոյել: Այդ պահին «Օպելի» վարորդի կողքի նստատեղին նստած երիտասարդն ասել է, թե կիջնի ու կհարվածի՝ հայհոյանքի համար, ինքը նորից է հայհոյել, այդ տղան դուրս է եկել մեքենայից, հարվածել է իրեն՝ գլխի շրջանում: Իր ու այդ տղայի միջև քաշքշուկ է սկսվել: «Օպելի» վարորդն էլ է դուրս եկել մեքենայից, սկսել է քաշքշել իրեն: Վախենալով, որ այդ երկուսը իրեն ծեծի կենթարկեն, ինքը գնացել է դեպի իր մեքենան, այնտեղից վերցրել է մի պլաստամասսայից խողովակ, կանգնել է իր հետ վիճողների դիմաց ու պահանջել է, որ հեռանան: Բայց երիտասարդը ձեռքը գցել է խողովակից, փորձել է վերցնել: Ինքն ուժով հետ է քաշել խողովակն ու մեկ անգամ հարվածել է իր դիմաց կիսադեմով կանգնած երիտասարդին: Հարվածից հետո երիտասարդը մի կողմ է գնացել ու խոսել է ինչ-որ անձանց զանգելու, դեպքի վայր կանչելու մասին: Հետագա բարդություններից խուսափելու համար ինքը նստել է իր վարած մեքենան ու հեռացել է: Իգիթը պնդել է, թե ինքը «Օպելի» վարորդին չի հարվածել:

Վերջին խոսքում ամբաստանյալը հայտարարել է, որ այս պետության մեջ «եթե քեզի խփեն, դու բան պիտի չկարողանաս անել»:

Տուժող Արթուր Մ.-ն հայտնել է, որ դեպքի պահին իր մեքենայում էին իր որդին և մեկ ուղևոր: Վերջինս մեքենան կանգնելուց հետո իջել ու հեռացել է: Ամեն բան սկսվել է նրանից, որ ամբաստանյալը մեքենան վարել է իր մեքենայի ուղղությամբ: Ինքը ձայնային ազդանշան է տվել ու ասել է. «Ինչի՞ ես իմ վրա քշում»: Մեքենայի պատուհանը բաց էր: Ամբաստանյալը մեքենայով կտրուկ արգելափակել է իր մեքենայի ճանապարհը, կանգնել, իջել է մեքենայից, հայհոյել, փորձել է հարվածել իրեն: Երբ նա իրեն հայհոյել է, իր որդին իջել է մեքենայից, քաշել է ամբաստանյալի ձեռքից ու մի անգամ բռունցքով հարվածել է նրան: Իր որդու և ամբաստանյալի միջև քաշքշոց է սկսվել: Հետո աբաստանյալը մոտեցել է իր մեքենային, մետաղե ձող է հանել, մի քանի անգամ հարվածել է իր տղայի գլխին, իր տղան ամբողջությամբ արյուն էր: Ինքն իջել է մեքենայից, փորձել է միջամտել, բայց ամբաստանյալը մետաղե մահակով հարվածել է իր ձեռքերին մի քանի անգամ: Հետո նա նստել է մեքենա ու հեռացել է: Շտապօգնություն են կանչել, իրեն ու որդուն տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ տուժողի՝ դեպքը տևել է մոտ քսան րոպե: Հավաքվածներից ոչ ոք չի օգնել, միայն մի ծաղկավաճառ կին է հետո մոտեցել ու ներողություն է խնդրել, որ չի կարողացել օգնել: Իրենց մեքենաները ճանապարհի մեջտեղում էին կանգնած, երթևեկող մեքենաները մի կերպ էին շրջանցում, բայց ոչ ոք չէր միջամտում:

Դատարանը հաշվի է առել, որ պատիժ նշանակելու պահին Իգիթ Հ.-ի խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ 9 և 3 տարեկան:

Դատարանը որպես Իգիթ Հ.-ի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տրված տեղեկանքը, համաձայն որի՝ Իգիթ Հ.-ի մոտ առկա է ծանր գանգուղեղային վնասվածք, ծոծրակոսկրի գծային կոտրվածք՝ անցումով գանգի հիմ: Գլխուղեղի միջին աստիճանի սալջարդ, գլխի ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ:

Իգիթ Հ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2 –րդ մասի 6-րդ կետով և 117 հոդվածով: Նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 3 ամիս ժամկետով և տուգանք՝ 50 հազար դրամի չափով:

Իգիթ Հ.-ի խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ պահանջելով բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ Իգիթ Հ.-ի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ճանաչելով նրա անմեղությունը, կամ՝ Իգիթ Հ.-ի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն՝ սահմանելով փորձաշրջան:

1in.am

Please enter a valid URL