Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանի ձեռքերը բռնել են ու հարվածներ հասցրել. իրավապաշտպան

Ալսեն Սիմոնյանը հասցված հարվածներից ստացել է ուղեղի ցնցում: Հարվածների տեղում ունի այտուց, ունի նաև գլխացավեր, գլխապտույտ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի իրավապաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:

«Իմ մասնագիտական համոզմամբ՝ Արթուր Դանիելյանի կատարածը դասագրքային խուլիգանություն է: Այլ է, երբ հայհոյում է հայհոյող մեկը, դե օրինակ այնպիսի մեկն, ում նման կա բոլորիս բակերում: Բակի հայհոյողին արդեն լավ ճանաչում ենք, ասածներն էլ ոչ ավել, ոչ պակաս կատակի ենք տալիս, ոչ թե խուլիգանություն որակում արածը: Իսկ Դանիելյանի արածը, նորից եմ կրկնում, դասագրքային խուլիգանություն է, որովհետև նա Ալեն Սիմոնյանի պատասխան ռեակցիան իմանալով է հայհոյել: Հակաբարոյական արարք է սա»,- ասաց Սիրունյանը:

Փաստաբանի պնդմամբ՝ կան տվյալներ, ըստ որոնց Ալեն Սիմոնյանի հարվածին հաջորդել է այն, որ Դանիելյանի երկու ընկերները բռնել են նրա ձեռքերը, իսկ Դանիելյանը հարվածներ է հասցրել Սիմոնյանին: Հարցին, թե ըստ օրենքի ինչպես է բնորոշվում Դանիելյանի արարքը՝ պաշտպանը պատասախնեց. «Արթուր Դանիելյանը կատարել է առաջին հերթին խուլիգանություն, երկրորդ հերթին կատարել է բռնություն Ալեն Սիմոնյանի նկատմամբ: Այ թե բռնությունը եղել է Ալեն Սիմոնյան անձի, թե Ալեն Սիմոնյան պատգամավորի դեմ՝ դա դեռ կպարզվի»:

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի կողմից Արթուր Դանիելյանին հասցված վնասվածքին՝ իրավաբանն ասաց, որ գնահատական տալու համար դեռ հանգամանքներ կան, որ պետք է պարզվեն:

«Ինձ՝ որպես իրավաբանի, հետաքրքիր է՝ Դանիելյանի քիթն իրոք կոտրված է, թե՝ ոչ, և, եթե կոտրվել է, ապա քանի՞ հարվածի հետևանքով է եղել: Հարցեր կան, որոնք դեռ պետք է պարզ դառնան»,- եզրափակեց իրավաբանը:

Please enter a valid URL