24 տարի անազատության մեջ գտնվող, ցմահ դատապարտված Ստեփան Գրիգորյանն արդեն երկու օր է, ինչ վայելում է կյանքն ազատության մեջ: Օրերս Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց վաղաժամկետ ազատ արձակել Ստեփան Գրիգորյանին՝ դրական վարքի հիմքով։ Բանտախցից հետո պայծառ լույսը ստիպում է պայծառ հայացքով նայել ապագային… «Ազատությունն անգին է, որի մասին կարելի է ժամերով խոսել և լիարժեք ու յուրովի մեկնաբանել այն…»
Բանտից ազատվելուց հետո մինչ տուն կմտներ՝ այցելել է ծնողների շիրիմներին, վարդեր է տարել, խունկ ծխել և մտովի զրուցել նրանց հետ:
«Ներողություն խնդրեցի, որ շատ վաղուց չեմ գնացել նրանց այցելության»: Այնուհետև վարդեր է տարել իրեն տանն անհամբերությամբ սպասող կնոջ, հարսի և աղջկա համար.
«Գրկախառնվեցինք, հուզմունքից ուրախության արցունքներ էին հոսում…գրկեցի թոռնիկներիս, համբուրում էի ու վայելում նրանց մանկական անուշ հոտը» Կրկին ազատության մեջ հայտնվելու հույսը վաղուց էր կորցրել, այդ օրվա մասին երազել անգամ չէր համարձակվում: «Երբևիցե չեմ հավատացել, որ մի օր կհայտնվեմ ազատության մեջ:
Ինձ դատապարտել են մահապատժի, 6 տարի եղել եմ այդ հրեշավոր վճռի տակ: Այն ժամանակ անգամ փաստաբաներին չէին լսում, փաստաբանը ընդամենը միջնորդ էր կաշառք տալու համար, իսկ եթե ինչ-որ հարց բարձրացվեր, դատավորը լսում և ասում էր նստի տեղդ, ես հրաժարվել եմ փաստաբանի ծառայությունից այդ ժամանակ, հիասթափվում էի եղած երկաթե փաստերի անզորությունից և սկսում էի միայն Աստծո հետ խոսել։
Հեղափոխությունը հավատ ներշնչեց. 2 տարվա ընթացքում 3 հոգու վաղաժամկետ ազատ էին արձակել: Դժվար օրերը հաղթահարելու նրա հզոր զենքը համբերությունն է եղել: «Ամենաուժեղ զենքը համբերատարությունն է. այն մարդուն ևս ուժեղ է դարձնում»։ Ստեփան Գրիգորյանը 10 օրից աշխատանքի կանցնի, արդեն առաջարկներ ունի, կազմակերպությունը բիզնես ոլորտում է։
Ստեփան Գրիգորյանը մեղադրվում էր սպանության գործով որպես մասնակից և 1997 թվականին դատապարտվել էր մահապատժի, իսկ 2003 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նրան ներում է շնորհվել, և մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
GPnews.am