Search
Close this search box.

Ազգային ժողովում առաջին եռամսյակի պարգևավճարները կազմել են 270 միլիոն դրամ

AntiFake.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել պետական ապարատի տարբեր կառույցներում հատկացվող ահռելի պարգևավճարների չափը։ Այս շարքով ներկայացնում ենք 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական տարբեր կառույցներում հատկացված պարգևավճաների չափը։

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Ազգային ժողովին՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը, հարցմանն ի պատասխան հայտնել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ 04.02.2020թ. Կ-14-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 113.237.560 ՀՀ դրամ, Կ-15-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը՝ 60.540.423 ՀՀ դրամ, 03.03.2020թ. Կ-38-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը՝ 61.149.110 ՀՀ դրամ։

Կ-53-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 26.935.515 ՀՀ դրամ, որը ՀՀ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ և պատգամավորների համաձայնությամբ փոխանցվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցության» գանձապետական հաշվեհամարին։

02.04.2020թ. Կ-56-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 35.064.525 ՀՀ դրամ:

Այսինքն՝ ՀՀ Ազգային ժողովում 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում ընդհանուր առմամբ հատկացվել է 269.991.618 ՀՀ դրամ պարգևավճար, որը համարժեք է մոտ 565 հազար ԱՄՆ դոլարին։

Աշխատակազմի ղեկավարը հավելել է, որի 2019թ. մինչ օրս ՀՀ ԱԺ որևէ պատգամավոր չի հրաժարվել իրեն հասանելիք պարգևավճարից։

Հարցման պատասխանը՝ ստորև.


Please enter a valid URL