Search
Close this search box.

Ինչ 67 մլն դրամ, $550 հազար ոսկի է տարել ու պետք է ամբողջը վերադարձնի. ոսկու շուկայի Վաղարշը՝ տնօրենի կողմից իրենց թալանելու մասին

1in.am-ը գրում է. Քննչական կոմիտեն երեկ տեղեկացրեց 8 տարի առաջ կատարված մի հանցագործության բացահայտման մասին, որը վերաբերում է «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությանը։

Բանն այն է, որ 2012-ին այս ընկերության տնօրենը, որը ևս վարձակալությամբ տարածք ուներ ոսկու շուկայում և աշխատակիցներին ոսկի էր մատակարարում, հերթական անգամ բանկ էր գնացել, վերցրել էր 156 միլիոն դրամ արժողությամբ 7 ստանդարտացված ոսկու ձուլակտոր, որոնցից 4-ը կնոջ միջոցով փոխանցել է «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերության տնօրինությանը: Իսկ 67 միլիոն արժողությամբ մյուս 3 ձուլակտորը, պահելով իրեն, նույն օրը հեռացել էր Հայաստանից։ Ըստ իրավապահ մարմինների՝ այդ արարքի հետևանքով «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությանը պատճառվել էր առանձնապես խոշոր չափերի՝ 67.255.500 ՀՀ դրամի գույքային վնաս: 2012թ. նոյեմբերի 28-ին ՍՊ ընկերության տնօրենը ներգրավվել էր որպես մեղադրյալ` ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում:

Ոսկու շուկան թալանողը 2019թ. հունիսի 11-ին ինքնակամ ներկայացել էր վարույթն իրականացնող մարմին և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ: 2020թ. փետրվարի 27-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել էր, և նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար:

Երեկ նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն մեղադրական եզրակացությունը հաստատելու համար։

Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մեծ ակնկալիք ունի, որ արդեն դատավարության ժամանակ կքննարկվի իրենց կրած վնասները փոխհատուցելու հարցը։ «Էսքան տարի մեր կրած վնասները ոչ մի կոպեկ չի փոխհատուցվել։ Հիմա պետք է դատարանը որոշի՝ ոնց անի, որ էդ ավազակին պատժի, որ խելքը հավաքի գլուխը ու բերի մեզանից գողացածը վերադարձնի էդ բոմժը։ Նա եղել է մեր ընկերության փոխտնօրենը»,- ասաց Աբրահամյանը։

Ոսկու շուկայի սեփականատերը, սակայն, համաձայն չէ քննչական մարմինների կողմից իրենց կրած վնասի գնահատման հետ։ «Ինչ 67 միլիոն դրամ։ 550 հազար դոլարի ոսկի է տարել»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ այդ մարդը հեքիաթներ է պատմել 7 ձուլակտորներից 4-ը կնոջ միջոցով իրենց վերադարձնելու մասին։ «Մեզ ոչ մի բան չի վերադարձրել նա։ Նա ամեն ինչ բանկից վերցրել ու փակել է, որի համար պետք է պատասխան տա։ Կդատեն, թե չեն դատի, թող դատարանը որոշի, բայց իմ գումարները պետք է վերականգնվեն։ Չնայած՝ համ էլ պետք է դատեն։ Նա համ իմ գումարները պետք է բերի վերադարձնի, համ էլ պետք է պատասխանատվության ենթարկվի, որ մյուսների համար դաս լինի, որ ուրիշի ունեցվածքը չառնեն ու փախնեն»,- եզրափակեց Վաղարշ Աբրահամյանը։

Please enter a valid URL