ՀՀ և ՌԴ միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագրի նախագիծը ներկայումս գտնվում է ՀՀ ներպետական համաձայնեցման ընթացքում, որը դանդաղել է՝ կապված COVID-19 համավարակի պատճառով երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ: Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Անցյալ տարվա նոյեմբերին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ ամերիկյան ֆինասավորմամբ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագիրը մոտ ժամանակներում կստորագվի:
«Նախևառաջ ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ամբողջովին վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից: Հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից, օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է», — ասել է Նաղդալյանը ի պատասխան Թերթ.ամ-ի հարցին:
«ՀՀ և ՌԴ միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը ոչ թե Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերող հարցերի և, առավել ևս, ՌԴ մասնագետների մուտքի իրավունքի մասին է, այլ, ինչպես բազմիցս նշել ենք, անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակին: Հուշագրի ներկայիս նախագծով չի նախատեսվում որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը:
Հուշագրի նախագիծը ներկայումս գտնվում է ՀՀ ներպետական համաձայնեցման ընթացքում, որը դանդաղել է՝ կապված COVID-19 համավարակի պատճառով երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ», — ասել է նա: