Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասվում է

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։

Աշխատանքը մեր իրականության մեջ առկա խնդիրների լուծման միակ գործիքն է, և մարդկային ու ազգային արժանապատվության տրամաբանությամբ, մեր առաջ ծառացած բոլոր հարցերը պետք է լուծենք մեր աշխատանքով:

Աշխատանքը նաև մարդկանց համագործակցության ամենաստեղծարար հարթակն է և այդ համագործակցության շնորհիվ է ստեղծվել ժամանակակից քաղաքակրթությունը: Եւ ուրեմն, աշխատանքի կարևորագույն էությունը ոչ միայն առկա հնարավորություններից օգտվելն է, այլև ուրիշների համար հնարավորություն ստեղծելը:

Իմ ցանկությունն է, որ բոլորս հենց այսպես ընկալենք աշխատանքը, որովհետև շարունակում եմ համոզված մնալ, որ անհատական ջանքը և այդ ջանքի արգասիք աշխատանքն է մեր բոլոր խնդիրների լուծման բանաձևը: Առանձնապես կարևոր է աշխատանքի արդյունավետությունը, իսկ դա անհնար է առանց կրթության՝ իմացությունների, հմտությունների, գիտելիքների անընդհատ զարգացման: Կրթությունն էլ իր հերթին աշխատանք է և ուրեմն մեր բոլոր հարցերի լուծումը տեսնում եմ կրթություն-աշխատանք-կրթություն բանաձևով:

Սիրելի՛ ժողովուրդ,

Այս տարի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված շատերն աշխատում են հեռավար, շատերը՝ ավելի ծանրաբեռնված և ռիսկային պայմաններում:

Մեծ գնահատանքի են արժանի առողջապահության, իրավակարգի պահպանության, պետության անվտանգության, սննդամթերքի, բժշկական պարագաների և դեղամիջոցների արտադրության և ներկրման ոլորտներում աշխատողները, որոնց գործունեության արդյունքում ապահովվում է երկրի կենսագործունեությունը՝ ճգնաժամային պայմաններում:

Մեծ գնահատանքի են արժանի նաև այն բոլոր գործատուները, ովքեր ի հեճուկս տնտեսական դժվարությունների՝ շարունակում են պահպանել աշխատատեղերը, չեն գնում կրճատումների ու նաև օգտվելով կառավարության հակաճգնաժամային ծրագրերից՝ աշխատանքներ են տանում վնասները նվազագույնի հասցնելու և հետագա զարգացման ուղղությամբ:

Հայաստանի կառավարությունը, չնայած պատուհասած ճգնաժամին, շարունակելու է տնտեսության զարգացման իր հետևողական քաղաքականությունը՝ խրախուսելով աշխատանքն ու աշխատավոր մարդկանց:

Մեր հակաճգնաժամային ծրագրերն ուղղված են առաջին հերթին այն մարդկանց և ընկերություններին, ովքեր աշխատել են Հայաստանի Հանրապետության աշխատանքային, հարկային օրենսդրության ճշգրիտ պահպանմամբ: Սրանով մենք ոչ միայն մեր գնահատանքի տուրքը մատուցեցինք այդպես աշխատող մարդկանց, այլև օգտվեցինք այն պատեհությունից, որ գրանցված աշխատողին շատ ավելի հեշտ է նույնականացնել, հասցեավորել այն պարագայում, երբ նա ճգնաժամի պայմաններում կորցնում է աշխատանքը և աջակցության կարիք ունի: Գրանցված աշխատանք ունենալն աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է, և բոլոր աշխատողներին կոչ եմ անում գործատուներից պահանջել գրանցել իրենց աշխատատեղերը և աջակցել կառավարությանն իրենց իսկ աշխատանքային իրավունքները պաշտպանելու հարցում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայ ժողովուրդը հայտնի է որպես աշխատող, ստեղծարար, տաղանդավոր ժողովուրդ: Եւ հայ ժողովուրդն իր աշխատանքով ու ստեղծարար տաղանդով կառուցելու է իր երազած հայրենիքը: Այդ գործընթացը սկսվել է, շարունակվելու և հասնելու է հաղթական ավարտի՝ ի հեճուկս ճգնաժամի բերած դժվարությունների:

Շնորհավոր Մայիսի 1 և կեցցե՛ ստեղծարար աշխատանքը»:

Please enter a valid URL