Aravot.am-ը գրում է. Նորատուսցիների ու գավառցիների միջեւ տեղի ունեցած զինված միջադեպը հին պատմություն ունի: Գավառի ավագանու անդամը (չցանկացավ, որ հրապարակման մեջ մնա անունը. խմբ.) Aravot.am-ին պատմեց, Գավառում շրջանառվող լուրերի համաձայն, որ դեռ ամիսներ առաջ՝ Գավառի գիշերային ակումբում անչափահաս տղաները ակումբի լվացարանում թքելու թեմայով վիճաբանություն են ունեցել, խառնվել են նրանց ծնողներն ու հարազատները, վեճը ամիսներով շարունակվել է. «Մի քանի ամսվա պատմություն է, անընդհատ այդ գործընթացը գնացել է, անընդհատ դեպքեր են եղել, մինչեւ եկել, հասել է այս գագաթնակետին»:
Անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկությանը, թե միջադեպի ժամանակ սպանված «Նորատուսի արջի» եղբայրը մտել է Գավառի հիվանդանոց ու դուրս եկել արյունոտ բերանով՝ հայտնելով, որ խմել է իր եղբորը սպանողի արյունը՝ նա ասաց. «Հո կինո չէ, վամպիր չէ: Չափից շատ հիմարություններ գրվեցին: Նման բան ո՞նց կարող է լինել»:
Նա վստահեցրեց, որ Գավառի բ/կ-ում էլ ոչ թե միջադեպի մասնակիցներից երկուսի պարանոցն են կտրել, այլ եղել է դանակահարություն, ընդ որում լրատվամիջոցները նշում էին, որ հիվանդանոցում երկու եղբոր պարանոց են կտրել, բայց Գավառի ավագանու անդամն ասաց՝ երկու եղբայր չեն եղել. «Պարանոցները, որ կտրեին՝ մի քիչ ֆանտազիա կլիներ էլի, ոնց կենդանի կմնային: Պարանոց չեն կտրել, դանակահարություն է եղել, բայց նրանք եղբայրներ չեն եղել»:
Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ որ հիվանդանոց ներխուժածները երկու հոգու պարանոց կտրել են. «Մեկինը պարանոցի հատվածում կտրած վերք է եղել, բայց կենսական օրգաններ՝ անոթներ եւ այլն չեն վնասվել, մյուսինը՝ ծակած վերք էր, կյանքին վտանգ չսպառնացող»:
Լրատվամիջոցները գրել էին, որ միջադեպի մասնակից երկու հոգին Գավառի հիվանդանոց էին տեղափոխվել դեպքից փախուստի ժամանակ վթարի ենթարկվելու հետեւանքով, պարոն Կարապետյանը հերքեց այս տեղեկությունը. «Վթար չի եղել, հրազենային վիրավորումով են եկել: Այս պահի դրությամբ, մեզ մոտ միջադեպի մասնակից չկա, բոլորին ուղարկել ենք Երեւան: Մեկին վիրահատել ենք, մնացածին էլ առանց վիրահատելու ենք ուղարկել: Մեզ մոտ, ի սկզբանե, տեղափոխվել էր դեպքի մասնակից չորս հոգի»: Ըստ նրա՝ պարանոցի հատվածում վերք ստացած միջադեպի մասնակիցներից մեկը իրենց մոտ էր տեղափոխվել հրազենային վիրավորումով: Իրենց մոտ էին տեղափոխվել նաեւ միջադեպի ժամանակ սպանված Գավառից քննիչը եւ «Նորատուսցի արջ» անունով հայտնի երիտասարդը: Իսկ թե նրանք ինչ վիրավորումներ էին ստացել, պարոն Կարապետյանն ասաց՝ չի կարող ասել:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: