Search
Close this search box.

Հայազգի ճանաչված գործարար է մահացել. ֆոտո

«Ազգ»-ը գրում է. «Չիկագոյում ութսունհինգ տարեկանում վախճանվել է ճանաչված գործարար և առատաձեռն բարերար Արման Նորհատը։ Ըստ «Միրոր-Սփեքթեյթրի» նա ծնվել էր 1934 թվի հունիսի 16-ին Քրիստինե և Օննիկ Նորհատյանների ընտանիքում, ովքեր մեծ Եղեռնի ժամանակ փախել էին Թուրքիայից նրանց ընտանեկան սիրով և քրիստոնեական հավատով մեծացած Արմանը սովորել էր Կիլմեր միջնակարգ և Սուլիվան ավագ դպրոցներում, ապա նաև Պյուրդյու համալսարանում։

Մագիստրոսի գիտական աստիճան էր ստացել «Նորթվեստերն բիզնես սքուլից»։ Աշխատել էր նախ ծնողների հիմնադրած «Յունիոն կորդ» արդյունաբերական ձեռնարկությունում, ապա և «Բեր Ստիըրնզ» ընկերությունում, որտեղ շնորհիվ իր որոնողական բնավորության և անբասիր հետևողական աշխատասիրության ինստիտուտոցիոնալ վաճառողից աստիճանաբար բարձրացել է և դարձել ընկերության բաժնետերերից մեկը։

Նրա ջանքերով ընկերության Չիկագոյի մասնաճյուղը մեծապես բարգավաճել է։ Թոշակի անցնելուց հետո շատ է ճանապարհորդել և զբաղվել քանդակագործությամբ։ Նվիրված է եղել հայկական համայնքին, անդամակցել է ՌԱԿ-ին, ԹՄՄ-ին, ՀԲԸՄ-ին և Հայկական համագումարին՝ ակտիվ գործունեություն ծավալելով և միաժամանակ բարեգործական ծրագրեր իրականացնելով։ 1988-ի երկրաշարժից անմիջապես հետո Չիկագոյի հայկական համայնքում դրամահավաք է կազմակերպել և անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել հայրենիքին։

Նա նաև ՀԲԸՄ-ի «Նորհատ կենտրոնը» դարձրել է աշխույժ հավաքավայր Չիկագոյի հայ համայնքի ներկայացուցիչների համար։ Նրան ճանաչողները հաստատում են, որ իր բարի ժպիտով նա կարողանում էր դրական լիցք հաղորդել շուրջ բոլորը և բարձրացնել հավաքվածների տրամադրությունը։

Ներկա համաճարակի սահմանափակումների պատճառով նախատեսվում է առաջիկա ամռանը կամ աշնանը հանդիսավոր հուշ-երեկո կազմակերպել նրա հիշատակին Կենիլուորթի (Իլինոյս) սուրբ Մխիթարիչ եկեղեցում»։

Please enter a valid URL