Ի պատասխան 21.04.2020թ.-ին ArmLife.am կայքում հրապարակված «Խաչիկ Խաչատրյանի «Իքս Գրուպ» ընկերություններում փորձում են խլել աշխատողների աշխատավարձն ու խաբել կառավարությանը» հոդվածի՝ ArmLife.am կայքը «Իքս Գրուպ» ընկերությունից ստացել է հետևյալ բովանդակությամբ նամակ.
«Ցանականում ենք հակիրճ անդրադառնալ armlife.am կայքում 21.04.2020թ.-ին հրապարակված «X Գրուպ» ընկերության հիմնադրին ուղղված, իրականությունից շատ հեռու հոդվածին:
Հարգելիներս, ընդհանուր հոդվածը հրապարակված armlife.am կայքում, բնավ չի համապատասխանում իրականությանը: Նման անհեթեթ ու անհիմն հոդվածները հարիր չեն լրագրողների մասնագիտական ունակությանը: Մի գուցե Ձեր կայքը աշխատում է միակողմանի հիմունքներով /թեև Ձեր կայքում նախորդիվ մենք ունեցել ենք նաև դրական հոդվածներ/ :
Համոզված ենք, որ լրագրողական էթիկայի կանոնները պահպանելու համար, որևէ նյութ պատրաստելուց, անհրաժեշտ է նախ և առաջ հավաստիանալ տեղեկատվական աղբյուրի լրջության և իրավացիության մեջ, այնուհետև այն տեղադրել կայքում, որն այս դեպքում ցավոք չի պահպանվել: Չէ որ նման թյուր, կեղծ և ոչ կոռեկտ հոդվածների հրապարակումներով վտանգվում է լրագրողի մասնագիտական կարիերան:
Հաշվի առնելով վերը շարադրվածը, «X Գրուպ,, ընկերությունը առաջարկում է հրապարակել նաև մեր պատասխան հոդվածը, որը կտրամադրենք Ձեզ պարզաբանմամբ, կամ այն կայքից հեռացնել:
«X Գրուպ» ընկերության իրավաբան
Ս.Սարգսյան»,- նշված է նամակում:
Հրապարակելով ընկերության կողմից կայքի էլեկտրոնային փոստին ուղարկված պաշտոնական նամակը, միաժամանակ հրապարակում ենք կայքի պատասխանը՝ ուղարկված ընկերության իրավաբան Ս.Սարգսյանի էլեկտրոնային փոստին.
«Հարգելի պարոն Սերգեյ Սարգսյան
Կարդացի ձեր վիրավորանքներով և դաստիարակչական նկրտումներով ողողված նամակը: Եթե ինչ որ մեկը՝ այդ թվում և դուք, որոշել եք մեզ հոդված գրելու և հրապարակելու դասեր տալ, ապա ստիպված կլինենք հիմնավորապես զբաղվել ձեր իրավաբանական կրթության կազմակերպմամբ:
Ինչ վերաբերվում է բուն նյութին, ապա ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք չենք սահմանափակվելու միայն այս հրապարակմամբ, և առաջիկայում հանդես ենք գալու «Իքս Գրուպի» գործունեությունը բացահայտող լայնամասշտաբ լրագրողական հետաքննությամբ՝ ընկերության նախկին և ներկա աշխատակիցների գործուն աջակցությամբ, ներկայացնելով ընկերությունից խաբված և լքված մարդկային պատմություններ:
Հույս ունենանք, որ կայքի խմբագրություն վիրավորական նամակներ գրելու փոխարեն, ընկերության ղեկավարությունը այսուհետ ձեզ կհանձնարարի զբաղվել ընկերության աշխատակիցների իրավական պաշտպանությամբ, ինչն հոգեպես ավելի ազնիվ և շնորհակալ զբաղմունք է:
Հարգանքներով՝ Armlife.am կայքի խմբագիր
Ռ. Ստեփանյան»: