Search
Close this search box.

Առողջապահության նախարարության նոր որոշումը սպառնում է պայթունավտանգ լինել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որը կարող է կրկին ընդվզումների պատճառ դառնալ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հրազդանի մարզային արյան բանկ», «Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունները, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունները կմիանան ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և կվերակազմակերպվեն։

Առողջապահության նախարարության նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե նպատակն է «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքով սահմանված արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման գործընթացի կարգավորումն ու վերահսկողությունը, հավաքված արյան և դրա բաղադրամասերի որակի և անվտանգության ապահովումը, արյան և դրա բաղադրամասերի ռացիոնալ օգտագործումը և խոտանի նվազեցումն է։ Նախագծում նշվում է, որ ֆիզիկապես Արյան ծառայության մարզային ստորաբաժանումները չեն փակվելու, այլ կգործեն որպես Արյունաբանական կենտրոնի մասնաճյուղեր կամ բաժանմունքներ, կունենան իրար նման կառուցվածք և հաստիքացուցակ:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ առողջապահության նախարարությունը հանդես է գալիս բժշկական հաստատություններ միավորելու, վերակազմակերպելու նախաձեռնությամբ, սակայն յուրաքանչյուր անգամ այն ավարտվում է սկանդալով, ցույցերով։ Վերջին օրինակը ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի եւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորումն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Կանխարգելման կենտրոնի աշխատակիցները բազմիցս ցույցեր էին անցկացրել խորհրդարանի շենքի և կառավարության դիմաց, ապա աշխատանքից ազատման դիմումներ գրել։ Մինչ այդ էլ, քննադատության էր արժանացել ծննդատները փակելու կամ այլ հիվանդանոցներին միավորելու որոշումը և բողոքներից հետո նախարարությունը ստիպված եղավ նոր քննարկումներ անել և որոշումներ փոխել։ Հետաքրքիր է՝ ինչ է սպասվում այս որոշումից հետո»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL