Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած։ ArmLife.am-ը ներկայացնում է Հանրային ծառայությունները կարգավող հանձնաժողովի հայտարարությունը․
«Հաշվի առնելով, որ՝
ՀՀ պարետի կողմից հայտարարված սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են,
ներկայումս հանրապետությունում, անգամ բնակչության տեղաշարժի սահմանափակումների պայմաններում, անձանց համար հիմնականում ապահովված է համապատասխան վճարումներ կատարելու հնարավորությունը՝ մասնավորապես, առկա են առցանց վճարումների մի շարք համակարգեր, գործող գրեթե յուրաքանչյուր առևտրի օբյեկտում առկա է վճարահաշվարկային տերմինալ, բանկերի շատ մասնաճյուղեր գործում են բնականոն ռեժիմով, յուրաքանչյուր բնակավայրում գործում է գոնե մեկ փոստային բաժանմունք,
ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան միջոցառումներով էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը,
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բոլոր բնակիչ- բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարում է վերացած։
Նշվածը, սակայն, չի սահմանափակում սպառողի իրավունքը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համապատասխան հիմնավորումների պարագայում դիմել մատակարարին կոմունալ ծառայությունների դիմաց չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս մաժորի հետևանք համարելու և մատուցվող ծառայությունը չդադարեցնելու համար։ Նշված գործընթացը կգտնվի հանձնաժողովի վերահսկողության ներքո։
Հաշվի առնելով նշվածը՝ հանձնաժողովը կոմունալ ծառայությունների անխափան և հուսալի մատակարարման նպատակով հորդորում է բոլոր բաժանորդներին կատարել վճարումները»։