՛«Իքս Գրուպ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, հիմնադիր Խաչիկ Խաչատրյանի ընկերություններում փորձում են խլել աշխատողների աշխատավարձը:
Նախ աշխատողներին պարտադրել են դիմում գրել իրենց հաշվին ու արձակուրդի գնալ. «Այսօր օրվա հացի կարոտ աշխատակցին պարտադրում են, որ ստորագրեն մի բան, որն անթույլատրելի է, ինչպես կարող է լինել, որ բոլորը ցանկանան արձակուրդի գնալ միաժամանակ: Զուտ գովազդի համար բարեգործություն է անում, իսկ իր աշխատողները սոված սատկում են»,- փոխանցեցին մեզ դիմած աշխատակիցները:
Ի դեպ, «Իքս Գրուպ» ընկերության կազմում գործող ռեստորանների աշխատակիցներին արդեն տեղեկացրել են, որ իրենց քարտի վրա փոխանցված աշխատավարձը կանխիկացնեն ու հետ վերադարձնեն գործատուին:
«Մեզանից խլում են մեր աշխատավարձն ու հետո խարդախությամբ պետք է կառավարությունից էլ սուբսիդիա ստանան մեր հաշվին: Դիմում ենք կառավարությանն այս խարդախությունից մեզ ազատելու և օգնելու ակնկալիքով»,-փոխանցեցին «Իքս Գրուպ» կազմում գործող ընկերությունների աշխատակիցները:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառման շրջանակում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել ամենից շատ տուժած ոլորտների աշխատակիցներին և անհատ ձեռնարկատերերին, որի կազմի մեջ մտնում են նաև հյուրանոցային և հյուրատնային ծառայությունները:
ՀԳ. Հույս ունենք, որ հոդվածի հրապարակումից հետո «Իքս Գրուպ»-ի ղեկավարությունը կկատարի կառավարության որոշումը և պատշաճ կվարձատրի իր աշխատակիցներին:
ArmLife.am