Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում եւ կիրառվելու են սահմանափակումներ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ․ հաշվի առնելով, որ վերջին օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գրանցել է կորոնավիրուս հիվանդության բռնկման նոր օջախ (այս պահի դրությամբ ունենք 39 հաստատված դեպք) ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում եւ կիրառվելու են սահմանափակումներ։
Որոշման համաձայն՝ համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմավել է հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։
Սահմանափակումները ուժի մեջ են մտնում ապրիլի 22-ը՝ ժամը 08:00-ից մինչեւ, 2020 թվականի ապրիլի 28-ը` 23:59-ը։ Հավելեմ նաեւ, մարզում նոր կորոնավիրուս հիվանդության առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 17–ին «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ–ի աշխատակցի մոտ այդ օրվանից չի գործում բուժհաստատությունը։
Այսօրվանից սահմանափակվում է նաեւ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ–ի աշխատանքները։ Գործում է միայն շտապ օգնության ծառայությունը եւ հրատապ, անհետաձգելի բուժսպասարկում իրականացվում։ Հիվանդանոցի 12 աշխատակցի մոտ կորոնավիրուս հիվանդության թեստի դրական արդյունք է գրանցվել։
Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մի մասը մեկուսացված»,-գրել է մարզպետը։