«Հրապարակ» թերթը գրում է. «Իր հեռացման մասին Հանրային հեռուստատեսության արդեն նախկին գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հայտնեց պաթեթիկ, ոչ անկեղծ գրառումով: «Ինձ համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը և անկեղծորեն վրդովված եմ գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից»։ Գրիգորյանը հիշեցնում է, որ նախկինում շատ միջոցառումներ են հեռարձակվել, որոնց համար «կիսել է իր աշխատակիցների հետ շնորհակալության և գովեստի խոսքերը». «Հիմա էլ կիսում եմ կատարվածի պատասխանատվությունը՝ ներկայացնելով աշխատանքից ազատման իմ դիմումը», — գրել է հայտնի սոցցանցում նախկին տնօրենը։
Շատերը թեթևացած շունչ քաշեցին, քանի որ այդ նույն հայտնի սոցցանցում հեղափոխությունից անմիջապես հետո և մինչև Փաշինյանի վերջին խոտան-ուղերձը, հաճախ էին նրա հրաժարականի պահանջները լսվում: Երեկ աշխատանքից ազատման դիմումներ են գրել նաև լրատվական-վերլուծական ծրագրերի տնօրեն Պետրոս Ղազարյանը և վարչապետի ուղերձի ուղիղ եթերի պատասխանատու Վարդան Հակոբյանը: Ապրիլի 21-ին հանրային հեռուստառադիոյի խորհրդի նիստ է նշանակված, որի ընթացքում կքննարկվեն հրաժարականները:
Մեր տեղեկություններով, Պետրոս Ղազարյանին այլ պաշտոն է առաջարկվել: Հանրային հեռուստատեսության պատմության մեջ սա թերևս, ամենախոշոր սկանդալն էր, երբ երկրի ղեկավարի ելույթի հեռարձակման խախտումների համար մարդիկ են ազատվում աշխատանքից: «Հրապարակի» հետ զրույցում ՀՀՌԸ լրատվական ծառայության եւ «Լրաբեր» լրատվական ծրագրի նախկին տնօրեն Արայիկ Մանուկյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եթերի տեխնիկական կադրերի հետ կապված սկանդալին, երեկ հիշեցրեց, որ 1996 թվականին ՀՀՌԸ նախագահ Տիգրան Հակոբյանը եւ նրա հետ միասին շատ-շատերը, այդ թվում՝ Արայիկ Մանուկյանը, հրաժարական տվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը նախատեսված ժամանակից 20 րոպե ավել եթեր գնալու եւ հեռուստատեսության երկրորդ ալիքով կրկնվելու համար։ Այն ժամանակ համապատասխան հաշվարկ չէր արվել, եւ նախագահի ելույթը նախընտրական փուլում հեռարձակվել էր օրենքի խախտումներով։
2015 թվականին, սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ եթերով ելույթ ունեցող քարոզիչների պատկերի տակ սխալ տիտրեր էին գնացել, ինչի համար եթերայինի աշխատողներից մեկին ազատեցին գործից:
Նիկոլ Փաշինյանի խոտանված տեսաուղերձի տեխնիկական ազդանշանի փորձարկման կադրերի արտահոսքը այս իմաստով աննախադեպ «կիքս» էր: Նա մոտ 15 րոպե եթերում էր, հազում էր, հաբ էր խմում, անկանոն շարժումներ էր անում, ինչը նորմալ է եթերին նախապատրաստվողի համար: Սակայն տեխնիկական այս սիգնալն ընդունաց հեռուստատեսություններից մեկը այդ կադրերի հիման վրա վարչապետին ծաղրող հոլովակ պատրաստեց, և դա ճակատագրական դեր խաղաց հանրայինի բազմաթիվ աշխատողների համար:
Հանրային հեռուստատեսության աշխատակիցները խոտան-ուղերձը անփության հետևանք են համարում»: