Այսօր՝ ապրիլի 20-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են Վեդի քաղաքի բնակիչ, 22-ամյա Արամ Կ.-ի վարած Toyota Corolla մակնիշի 70 AQ 970 համարանիշի և 34-ամյա Վաղինակ Մ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի 34 QՏ 365 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Բախման հետևանքով Volkswagen-ն ու Toyota-ն դուրս են եկել երթևեկելի գոտուց, Volkswagen-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, իսկ Toyota-ն՝ գլխիվայր շրջվել է: 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Կայքը հայտնում է նաև, որ նշված հատվածը իսկական պատուհաս է դարձել վարորդների համար, քանի որ բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական ու ամեն անգամ բարձրաձայնվել է, որպեսզզի պատկան մարմինները, տվյալ դեպքում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու Հայավտոճանը հետևություններ անեն, սակայն ասես պաստախանատուները կամ ուխտի ականջում են քնել կամ ջայլամի կեցվածք են ընդունել: