Search
Close this search box.

«Վերևների» մոգական հրահանգը. բուժաշխատողների աշխատավարձերից ապօրինի պահումներ են անում

Լիլիթ Սիլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թիվ 8 պոլիկլինիկայի բուժաշխատողներից մեկը (հասկանալի պատճառներով խնդրել է անունը չհրապարակել) երեկ դիմեց ինձ՝ փորձելով պարզաբանել, թե որ օրենքով կամ իրավական ակտով է կարգավորվում մարտ ամսվա իրենց աշխատավարձերի պակաս լինելը։ Անկեղծ ասած սկզբից չհասկացա՝ ինչումն է բանը, իսկ հետո պարզվեց, որ մարտ ամսվա աշխատավարձը համատարած ամբողջ աշխատակազմը ստացել է մոտ 7000 դրամ պակաս։

Այնուհետև պարզվեց, որ նույն կերպ են վարվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ։ Ասեմ ավելին, երբ համապատասխան հաստատության աշխատակիցները փորձել են պարզաբանում ստանալ հաշվապահությունից աշխատավարձի պակաս լինելու վերաբերյալ, ստացել են ամենաանհիմն պատասխանը․ բուժաշխատողներին հայտնել են, որ հրահանգը ստացել են «վերևներից»։ Պարզ է, որ այդ նույն հաշվապահությունը ինքնագլուխ չի գործել և, անշուշտ, ցուցում եղել է․․․․

Ի՞նչ «վերևների» մասին է խոսքը՝ դժվարանում եմ ասել, բայց իմ իմացած «վերևները» պաշտոնապես որևէ նման բան չեն հրահանգել, ավելին՝ նման իրավական կարգավորում էլ առկա չէ(չնայած՝ հանուն արդարության նշեմ, որ մեր կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավարի օրերս կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց ձևակերպելիս հայտնեց, որ «անտեսանելի» «վերևները» նույն պատճառաբանությամբ «խուզել» են նաև ոստիկանների աշխատավարձը)։

Չեմ զարմանա, որ մի օր էլ լսեմ հրահանգ տվող անտեսանելի «վերևների» մասին, քանի որ արդեն բախվել ենք խորհրդավոր և «սատանայական» կապեր բացահայտելու հրաման-հանձնարարությունների «ֆանտաստիկ» իրականության հետ։

Մեծագույն պատկառանքով և հարգանքով եմ վերաբերում մեր բուժաշխատողներին և այս օրերին նրանց կատարած աշխատանքը դժվարանում եմ բառերով գնահատել։

Պարզապես ներողություն եմ խնդրում նրանցից, որ վերջիններս չեն ստանում իրենց արժանի գնահատականը, սակայն նրանց փոխարեն պարգևավճարներ են ստանում չբացահայտված «վերևները»․․․․

Please enter a valid URL