Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Հրաչիկ Սարգսյանի, այսօր՝ ապրիլի 20-ին, «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով դատական նիստին մեղադրող դատախազը պետք է հանդես գար մեղադրական ճառով, սակայն նա հայտնել է, որ հաջորդ նիստին հնարավոր է միջնորդությամբ հանդես գա։
NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Ասատրյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանն ասաց, որ դատաքննությունը մոտենում է ավարտին. «Եթե դատախազը հաջորդ նիստին մեղադրական ճառ ներկայացնի, կանցնենք վիճաբանությունների փուլին»։
Նախորդ նիստերին վկաների հարցաքննության փուլն է եղել. NEWS.am-ի տեղեկություններով` որպես վկա է հարցաքննվել նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արթուր Ասատրյանը 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել եւ ղեկավարել է նախնական համաձայնությանբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի, Արտակ Այվազյանի եւ Արկադի Քոչինյանի առեւանգումը, որը զուգորդվել է վերջին երկուսի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով: Հիշյալ անձանց վերաբերյալ գործը ներկայումս քննվում է դատարանում. նրանք մեղադրվում են Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, Արթուր Ասատրյանին, «օրենքով գող» Օշականցի Գեւորիկ մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանին եւ «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ կատարելու համար։
Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ միաժամանակ ՀՀ ՔՕ 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը։