Search
Close this search box.

Արդեն Զինված ուժերն են մասնատում․ Ժիրայր Սեֆիլյան

Արդեն Զինված ուժերն են մասնատում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

«Ընդդեմ ՀՀ ինքնիշխանության Արցախի մարզում ապօրինաբար ստեղծված նախագահի աթոռը նաև պաշտոնական Երևանի աջակցությսմբ զավթած Արայիկ Հարությունյանն այս օրերին հանդիպումներ է ունենում ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ», գրել է Ժիրայր Սեֆիլյանը։

Այդ հանդիպումներով, ըստ նրա, պաշտոնական Երևանը վերահաստատում է, որ «հավատարիմ է ՀՀ-ն որպես առանց Արցախի կիսագաղութային պետություն տեսնող նախորդ ռեժիմների քաղաքականությանը և իր հերթին նպաստելու է Արցախի աբխազացմանն ու օտարմանը»։

«Այս համատեքստում հատկապես ուշագրավ է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ կայացած հանդիպման վերաբերյալ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան հայտարարությունը (ի դեպ՝ նաև հստակ աշխարհաքաղաքական ուղերձ պարունակող ռուսական դրոշով և հայերենից զատ՝ նաև ռուսերենով)։

Արայիկ Հարությունյանն իր հիշյալ հայտարարության մեջ ամբողջությամբ տարանջատում է ՀՀ Զինված ուժերը և Արցախի Պաշտպանության բանակը, նշելով. «Բարձր գնահատելով Արցախի պաշտպանության բանակի և ՀՀ Զինված ուժերի համատեղ ջանքերը Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման ու խաղաղ զարգացման գործում՝ ընդգծել եմ վերջին շրջանում նորագույն սպառազինությամբ բանակը համալրելու կարևորությունը»:

Արձանագրում ենք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Արցախի օտարման քաղաքականությունը խորացավ նաև ՀՀ գերատեսչությունների և նրանց արցախյան ենթահամակարգերի միջև այսպես կոչված համագործակցության մասին փաստաթղթեր ստորագրելու միջոցով։

Իսկ հիմա արդեն գործը հասավ ՀՀ Զինված ուժերը մասնատելուն», գրել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչը։

«Հիշեցնում ենք, որ անգամ ներկայիս ապազգային կառավարման համակարգում Արցախի Պաշտպանության բանակը ՀՀ Զինված ուժերի կառուցվածքային ստորաբաժանում է՝ նրա զորամիավորումներից մեկը։

Մեր ժողովրդին իրազեկելով տեղի ունեցող հակապետական գործընթացի մասին, հավաստիացնում ենք, որ Արցախն աբխազացնելու և օտարելու պլանը ձախողվելու է, իսկ դրա իրագործողները կանչվելու են պատասխանատվության», նշել է Ժիրայր Սեֆիլյանը։

Please enter a valid URL