Search
Close this search box.

Վարչապետի ուղիղ եթերի բաց կապուղին տրվել է 8 հեռուստաընկերության. Հ1-ի պարզաբանումը Փաշինյանի ուղերձից դուրս կադրերի սկանդալի շուրջ

Հանրային հեռուստաընկերությունը ֆեյսբուքյան էջում պաշտոնական պարզաբանում է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռուստաուղերձից առաջ արված կադրերի վերաբերյալ, որոնք այսօր հայտնվել են համացանցում: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Հարգելի հեռուստադիտողներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար:

ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները. Արմենիա ԹիՎի Շանթ Միր Հ2 ԱՐ Կենտրոն Երկիր Մեդիա 5-րդ ալիք: Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: Այսինքն ՀՀ Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը:

Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել»: Հիշեցնենք, ուրբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեմայով ժողովրդին ուղերձ էր հղել, իսկ այսօր համացանցում հայտնվել է մի մոնտաժված տեսանյութ, որում կան կադրեր ուղերձի նախապատրաստական փուլից՝ մինչև ուղիղ եթեր մտնելը։ Տեսանյութը մոնտաժված է այնպես, որ Նիկոլ Փաշինյանին փորձել են ներկայացնել ծաղրական կերպարում։

Նշենք, որ հարցի վերաբերյալ Factor.am-ը մեկնաբանություն էր խնդրել Առաջին ալիքի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից, որը հորդորել էր գրավոր հարցեր ուղղել, որոնց կպատասխանեն վաղը։ Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ, և Առաջին ալիքն արդեն կեսգիշերն անց տարածեց այս հայտարարությունը։

Please enter a valid URL