Search
Close this search box.

Ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը գնացել ԱԱԾ․ նո՞ր գործ, թե՞ գաղտնի հանդիպում Քոչարյանի հետ

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Սերժ Սարգսյանի դեմ, բացի արդեն դատարան հասած դիզվառելիքի գործից ևս մեկ քրեական գործ կա հարուցված, որը վերաբերում է կաշառք ստանալուն։ Կայքի տեղեկություններով այդ գործով մի գործարար ցուցմունք է տվել և ասել, որ 7 միլիոն դոլար առձեռն կաշառք է տվել Սերժ Սարգսյանին։ Թե ով է այդ գործարարը, կայքին չի հաջողվել պարզել։

Ուշագրավ է, որ երրորդ նախագահի պաշտպանը չի հերքել, որ Սարգսյանը կոնկրետ քրեական գործով եղել է ԱԱԾ-ում, իհարկե՝ ներկայացնելով իրադարձությունների իր վարկածը։ Երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ անցյալ շաբաթ Սերժ Սարգսյանը վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով։ Չմանրամասնելով, թե ինչ գործ է, փաստաբանն ընդգծել էր՝ այդ գործը չի վերաբերում կաշառք ստանալու առերևույթ դեպքին, ինչի մասին գրել էր մամուլը։ Մակինյանը նաև ապատեղեկատվություն էր որակել այն լուրերը, թե երրորդ նախագահի դեմ նոր քրեական գործ է հարուցվել։

Ֆորմալ առումով՝ դատախազությունը հաստատում է Սարգսյանի պաշտպանի պնդումը։ «Բացի այն քրեական գործը, որը գտնվում է դատարանում, Սերժ Սարգսյանը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ որևէ այլ քրեական գործով չունի», – լրագրողներին տեղեկացրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, միաժամանակ ընդգծելով, որ նախաքննական մարմիններում կան վարույթներ, որոնք կարող են առերևույթ առնչություն ունենալ Սերժ Սարգսյանին։

Դատախազությունն այլ մանրմասներ չի հաղորդում, սակայն տողատակում, ըստ էության, չի էլ բացառում, որ շուտով երրորդ նախագահին կարող են առաջադրվել նոր մեղադրանքներ։

Զուգահեռաբար մամուլը գրել էր, թե անցած շաբաթ Սերժ Սարգսյանի ԱԱԾ այցելությունը բոլորովին այլ նպատակ է ունեցել, մասնավորապես, որ հարցաքննությունն ընդամենը պատրվակ է եղել, որպեսզի Սերժ Սարգսյանը մուտք գործի ԱԱԾ շենք և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին։ Այս տեղեկատվությունը բավականին արագ տարածվեց՝ ինչքան էլ, որ երկրորդ ու երրորդ նախագահների գրասենյակները համառորեն հերքեցին նման հանդիպման փաստը։

Իրավամբ կարելի է պնդել, որ ավարտվող շաբաթվա ընթացքում Սերժ Սարգսյանը լրահոսի հերոսն էր։ Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով նա գնաց «հերոսական» ակորդով, խոստովանենք՝ բավականին խելամիտ քաղաքական քայլ կատարելով, ինչն առնվազն կարող է լեգիտիմացնել նրա կարգավիճակը՝ որպես ընդդիմության մի սեգմենտի ղեկավար, մանավանդ, որ բոլորը հիմա սպասում են խոստացված ասուլիսին։ Սակայն Սարգսյանի քաղաքական շաբաթը ստվերվեց կրիմինալ ստվերով, որը համառորեն նրան ուղեկցելու է նաև ընդդիմադիր կարգավիճակում։ Եվ սա օրինաչափություն է, որովհետև Սարգսյանի իշխանությունը ավելի շատ նմանվել է քրեաօլիգարխիկ համակարգի։

Հեղափոխությունից հետո Սարգսյանը զրկվեց իշխանությունից, սակայն՝ ոչ կրիմինալ հետագծից։ Ինքնին հասկանալի է, որ նրան հենց այդպիսին է ընկալում հասարակության զգալի մասը, մանավանդ, որ 2018-ից հետո ՀՀԿ-ն ու հին համակարգն՝ առհասարակ, իրական ռեբրենդինգի չենթարկվեցին՝ հանրային գիտակցության մեջ մնալով մերժվածի կարգավիճակում։

Please enter a valid URL