Search
Close this search box.

Նորաշենում թաղման մասնակիցներից մեկի մոտ է կորոնավիրուս հաստատվել. այս գիշեր համայնքի ճանապարհները կբացվեն

Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնաիչներից այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 7 անձ։ Նրանցից 1–ը հուղարկավորության արարողությանը մասնակցած կին է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

«Այսօր գիշեր՝ ժամը 23.59, Նորաշենի ճանապարհները կբացվեն։ Ստույգ թիվը չկա, թե քանի մարդու են թեստավորել, բայց ընդհանուր թեստավորվածներից միայն 7–ի մոտ է հաստատվել վիրուսը»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր Նորաշեն համայնքի բնակիչներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ գյուղում մեծ մասին թեստավորում են եւ բացի 3 օր առաջ մեկուսացված 28 հոգուց եւս 3 մարդու են մեկուսացրել։

Հիշեցնենք նաեւ, որ Նորաշենում օրեր առաջ մի տղամարդ էր մահացել, որի որդին Մոսկվայից էր ժամանել եւ մեկուսացված էր, շտապօգնության մեքենայով նրան տարել են գյուղ, որպեսզի մասնակցի հոր հուղարկավորությանը, եւ հարազատները մոտեցել եւ ողջագուրվել էին նրա հետ։ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչեւ ապրիլի 18-ը ժամը 23։59-ը սահմանափակումներ են կիրառվել Արարատի մարզի Նորաշեն hամայնքում, սահմանվել է համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման։

Please enter a valid URL