Search
Close this search box.

«Մինչև իրիկուն ձեր տներից լացի ձեն ա լսվելու»

1in.am-ը գրում է. Վճռաբեկ դատարանը Եվրոպական դատարանի վճռի լույսի ներքո վերանայել է մի քանի տարի առաջ իր իսկ կայացրած որոշումը, բեկանել է ստորադաս դատարանների դատական ակտերն ու գործը երկու ամբասանյալների մասով ուղարկել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Խոսքը Արամ և Արթուր Մարտիրոսյանների գործի մասին է: Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել՝ Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի: Եվ ՀՀ դատական ատյանները՝ սկսած վերին՝ Վճռաբեկ ատյանից, օրենքի լույսի ներքո նորից են անդրադառնում տվյալ գործին:

Սկսենք սկզբից: Այս գործով առաջին դատական ակտը կայացվել է 2012 թվականի փետրվարի 23-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ս. Ասատրյանի նախագահությամբ:

Եղբայրներ Արամ և Արթուր Մարտիրոսյաններին ու Հրաչյա Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրված հետևյալ ձևակերպումով: «Արթուր Մարտիրոսյանը եղբոր՝ Արամի ու ընկերոջ՝ Հրաչյայի հետ եղբորորդի Ալիկին դիտողություն անելու չնչին առիթով 2009 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը 13-ին Գավառ քաղաքում վիճաբանության ընթացքում ծեծել է Վարդան Մուխսիխչոյանին՝ «Փոթեի Վարդան» մականունով: Վերջինս սպառնացել է հաշվեհարդար տեսնել ու փախել է: Դրանից հետո Արամ Մարտիրոսյանը տեղեկացել է, որ Վարդանի հարազատներն ու ընկերները շրջում են իրենց տան շրջակայքում: Նրանց դեմ զինվելու նպատակով Արամն իր ընտանիքին պատկանող գազալցակայանի աշխատակից Արտավազդին պահանջելու եղանակով դրդել է ռեստորանի իր աշխատասենյակ տեղափոխել իր ու եղբոր կողմից ապօրինի ձեռք բերված ու պահվող «ԱԿ-74» ինքնաձիգը, «ՊՄ» տեսակի ատրճանակը, տարբեր տրամաչափի փամփուշտներ ու անհայտ տեսակի պայթուցիկ սարք:

Մարտիրոսյան եղբայրներն ու նրանց մտերիմ Հրաչյան հիշյալ զենք-զինամթերքը տեղադրել են Արթուր Մարտիրոսյանին պատկանող մեքենայի սրահում: Նրանք զինված շրջել են Գավառ քաղաքում:

Նույն օրը, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Գավառի «Պարտեզ» խանութի մոտ նկատել են Վարդանի աներոջ՝ «Կոկո» մականունով Հակոբ Հովհաննիսյանի «07»-ը, որի սրահում էին Հակոբը, նրա որդի Հովսեփն ու վերջինիս ընկեր Սպարտակը: Նրանց սպանելու դիտավորությամբ Արթուր Մարտիրոսյանը՝ «ՊՄ» ատրճանակով, Արամ Մարտիրոսյանը՝ թմբուկավոր ատրճանակով, իսկ Հրաչյա Պետրոսյանը՝ ինքնաձիգով, բազմաթիվ կրակոցներ են արձակել Հակոբի մեքենայում գտնվողների ուղղությամբ:

Կրակոցներից 14-ը դիպել է մեքենային, կրակողները դիմել են փախուստի: Բայց նրանց կամքից անկախ մեքենայում գտնվողները չեն մահացել, Հովսեփն ու Սպարտակը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքը փրկվել է»:

Մարտիրոսյան եղբայրներին ու Հրաչյա Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց հետ երկու և ավելի անձանց սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով, 235 հոդվածի 2-րդ մասով:

Մարտիրոսյան եղբայրները նախաքննության ու դատաքննության ընթացքում իրենց մեղավոր չեն ճանաչել, հրաժարվել են ցուցմունքներ տալուց ու հարցերին պատասխանելուց: Նրանք հայտարարել են, որ առաջադրված մեղադրանքները՝ անհիմն, իսկ տուժողի ցուցմունքները սուտ են:

Հրաչյա Պետրոսյանը, որ նախաքննության ժամանակ ինքնախոստովանական ցուցմունքներ էր տվել, դատարանում հրաժարվել է դրանցից, հայտարարել է, թե իրեն մեղավոր չի ճանաչում:

Նա հայտնել է, թե մտերիմ է Մարտիրոսյանների ընտանիքի հետ, աշխատել է նրանց պատկանող արտադրամասում: 2009 թվականի նոյեմբերի 5-ի առավոտյան գնացել է արտադրամաս, հետո Արթուր Մարտիրոսյանի հետ գնացել է Գավառի հրապարակում գտնվող, Մարտիրոսյաններին պատկանող ռեստորան, որտեղ հանդիպել են Արամին: Քիչ անց եկել է գազալցակայանի աշխատող Արտավազդն ու ասել է, թե առավոտյան գազալցակայանի մոտ նկատել է «Կոկո» մականունով Հակոբի մեքենան, իսկ երբ հերթափոխը հանձնել ու տուն է գնացել, խանութի մոտ կրկի նկատել է «Կոկոյին»՝ մահակը ձեռքին, ծառի տակ «դիրքավորված»: Ցանկացել է մոտենալ, բայց նա նկատելով՝ նստել է մեքենա ու հեռացել է: Այդ օրը պետք է կայանար Արամ Մարտիրոսյանին պատկանող «Սպանդանոցի» բացումը, Երևանից հյուրեր պիտի լինեին, իրենք զբաղվել են նրանց դիմավորելով: Ժամը 13.30-ի սահմաններում ռեստորանի բակ են մտել Արամի ու Արթուրի մահացած եղբոր՝ Անդրանիկի որդի Ալիկը, ապա՝ Գավառի բնակիչ Վարդան Մուխսիխչոյանը՝ «Փոթեի Վարդան» մականունով: Վերջինս, ըստ Հրաչյա Պետրոսյանի, «տգեղ ձևով» ասել է. «Չեք կարում մի լակոտ դաստիարակեք»: Դրա հետ կապված վեճ է առաջացել, մոտ կես ժամ է տևել, Վարդանը մեքենայով հեռացել է՝ սպառնալով՝ դեռ կտեսնվենք: Մեկ ժամ անց Վարդանը զանգել է Արամի հեռախոսին ու սպառնացել է. «Մինչև իրիկուն ձեր տներից լացի ձեն ա լսվելու, չոքերն են տփելու»: Նա Արամին կանչել է «Բուտակովի» տարածք՝ հարցեր պարզելու: Արամն ասել է, որ նա իրենց հետ գործ չունենա:

Ըստ Հրաչյայի՝ ինքը Արթուրի հետ գնացել է գնումներ կատարելու: Երբ վերադարձել է ռեստորան, բակում տեսել է Արտավազդին, որի ձեռքին զինվորական բուշլատ կար՝ մեջը փաթաթված ինչ-որ բան: Իմացել է, որ բուշլատի մեջ զենք է: Պահանջել է դնել Արթուրի մեքենան, որ ոչ ոք չտեսնի: Ինքը Արթուրին ու Արամին չի ասել, որ մեքենայում զենք կա: Հյուրերի հետ գնացել են նոր բացվող սպանդանոցը տեսնելու, հետո վերադարձել են ռեստորան: Որոշ ժամանակ անց հյուրերին ճանապարհել, հետո գնացել են լցակայանները ստուգելու: Ճանապարհին նկատել են «Կոկոյի» մեքենան, որ գալիս էր իրենց հետևից: «Պարտեզ» խանութի մոտ շրջադարձ են կատարել, տեսել են, որ «Կոկոյի» մեքենան էլի գալիս է իրենց հետևից: Հասկացել են, որ նա հետևում է իրենց:

Նորից շրջադարձ են կատարել: Երբ հավասարվել են «Կոկոյի» մեքենային, ինքը տեսել է, որ այնտեղ չորս հոգի կա, որոնք զենքեր են պատրաստում, իսկ վարորդի կողքին նստած «Կոկոյի» ձեռքին ինքնաձիգ կա: Երկրորդ շրջադարձի ժամանակ իրենց ուղղությամբ կրակոց է արձակվել: Ինքը վերցրել է մեքենայում եղած զենքերից՝ «Մակարով» ատրճանակը, երկու կրակոց է արձակել « 07»-ի ուղղությամբ՝ փորձելով կանխել նրանց կրակոցները: Հետո իրենց մեքենայի ուղղությամբ էլի երկու կրակոց է արձակվել ինքնաձիգից: Արամը բարկացել է իր վրա, թե ինչու է կրակում: Վախից ատրճանակն ընկել է իր ձեռքից: Ինքը պաշտպանվելու համար վերցրել է ինքնաձիգն ու «07»-ի ուղղությամբ 10-12 մենահատ կրակոց է արձակել: Այդ ամենը վայրկյաններ է տևել: Ինքնաձիգի կրակոցներից հետո «Կոկոյի» մեքենան կանգնել է, իսկ իրենք հեռացել են: Իրենց մեքենայի հետևից կրակահերթ է արձակվել:

Հրաչյա Պետրոսյանը պնդել է, թե միջադեպի ժամանակ կրակել է միայն ինքը: Իրեն ոչ ոք չի հանձնարարել դա անել, ինքը կրակել է վախից: Հետո իրենք գնացել են լցակայան: Ինքը Արամից գումար է խնդրել, որ հեռանա Հայաստանից: Ինքն ու Արտավազդը զենքերը վերցրել ու սարերով գնացել են Սևանի ուղղությամբ: Ճանապարհին զենքերը գցել են «Աղի լիճ» ջրամբարը: Հետո ինքը գնացել է Շիրակի մարզ, որտեղ վերցրել է ծանոթի անձնագիրն ու հեռացել է Հայաստանից: Արթուր և Արամ Մարտիրոսյաններին տեսել է հետագայում քրեակատարողական հիմնարկում:

Հրաչյա Պետրոսյանը պնդել է, թե նախաքննության ժամանակ իրեն թույլ չեն տվել ճիշտը գրել, իր նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական ճնշումներ են գործադրել, ստիպել են գրել, թե Մարտիրոսյան եղբայրները մասնակցել են սպանության փորձին ու կրակել են «Կոկոյի» մեքենայի վրա: Իրեն խոստացել են սպանության փորձի համար չդատել, ասել են, թե շուտով տուն կգնա: Իրականում այդպես էլ եղել է, իրեն սկզբում դատապարտել են միայն խուլիգանության համար:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL