Այսօր՝ ապրիլի 17-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին՝ Porsche Cayenne մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենայի մեջ, տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի՝ Նոր Նորք 9-րդ զանգվածի բնակիչ՝ 36-ամյա Գեղամ Աբրահամյանի դին։ Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ նրա վրա կա հրազենի վնասվածք։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էին նաև Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազները։ Մինչ տեղում աշխատում էր դատական բժիշկը, Գեղարքունիքի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Գ. Հակոբյանի և Ճամբարակի ոստիկանապետ Վ. Մարգարյանի գլխավորությամբ, տաք հետքերով կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներր, նշված սպանությունը կատարելու կասկածանքով որոնել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Կիրակոսյանին։ Այնուհետև ոստիկանության օպերատիվ-հետախուզական խմբերին միանում են քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Կ. Թորոսյանի գլխավորությամբ և հայտնաբերում են կասկածյալ Ա. Կիրակոսյանին։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք՝ «ՄՌ-155» տիպի որսորդական ողորկափող հրացանը։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մարտիրոսյանի որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Կասկածյալ Ա. Կիրակոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Վերջինս աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի՝ Շորժա կայարանում որպես հերթապահ։ Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հրապարակում։