Տվյալ պատվաստումն անցած մարդկանց օրգանիզմի իմուն բջիջներում փոփոխություն է տեղի ունենում, որը նպաստում է ընդհանուր օրգանիզմի իմունիտետի բարձրացմանը
Մինչ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի նոր ենթատեսակի դեմ, համացանցում շարունակ հայտնվում են տարբեր դեղամիջոցների, սննդամթերքների, պատվաստումների անվանումներ, որոնք կարող են փոխել իրավիճակը։ Դրանց օգտակարությունն այս պայքարում, սակայն, միշտ չէ, որ ապացուցված է։
Օրեր առաջ համացանցում հայտնվեցին տվյալներ, ըստ որի՝ այն երկրներում, որտեղ ԲՑԺ պլանային պատվաստում է արվում, կորոնավիրուսից մահվան ցուցանիշը տասն անգամ ցածր է։
Ինչպես հաղորդում է «BBC News»-ը, իրավիճակը 178 երկրներում համեմատել եւ նման եզրակացության են եկել ամերիկյան մի քանի գիտական խմբեր։
ԲՑԺ-ն կամ «Bacillus Calmette–Guérin»-ը (BCG) տուբերկուլոզի դեմ պատվաստանյութ է, որն արվում է նորածիններին՝ դեռեւս ծննդատանը։
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի խոսքով՝ այս համեմատությունը դեռեւս վարկած է, հիպոթեզ, որը լրացուցիչ բազմաթիվ հետազոտություններով պետք է ամրապնդվի եւ հետո նոր պաշտոնական որեւէ փաստաթուղթ դառնա միջազգայնորեն ճանաչված կառույցների կողմից։
Նրա խոսքով՝ այդ հետազոտությունը բացատրվում է այն հանգամանքով, որ տվյալ պատվաստումն անցած մարդկանց օրգանիզմի իմուն բջիջներում փոփոխություն է տեղի ունենում, որը նպաստում է ընդհանուր օրգանիզմի իմունիտետի բարձրացմանը։ Դրանով պայմանավորված օրգանիզմն արդեն կարողանում է պայքարել վիրուսի դեմ։
Ինչպես նշեց, այս պատվաստումը կատարվում է այն երկրներում, որտեղ տուբերկուլոզը խնդիր է՝ օրինակ՝ Հայաստանում։ Արեւմտյան Եվրոպայի երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն զանգվածայինի փոխարեն կատարվում է միայն ցուցումով՝ փախստականների տանը ծնված երեխաներին, որոնք եկել են մի երկրից, որտեղ այդ հիվանդությունը խնդիր է։
Սահակյանը հավելեց, որ մեր երկրում սկզբում ոչ միայն նորածիններին էին կատարում այդ պատվաստումը, այլեւ 7 տարեկանում իրականացվում էր կրկնապատվաստում։ Հետագայում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատում է արել եւ խորհուրդ տվել հանել 7 տարեկանում տվյալ պատվաստումը, մեր երկիրն էլ ընդունել է առաջարկը։ Այժմ այստեղ ԲՑԺ-ի պատվաստման ընդգրկվածությունը բավականին բարձր է՝ գրեթե 90 %։
Գայանե Սահակյանը, մեզ հետ զրույցում եւս մեկ անգամ հիշեցրեց․ տվյալ պատվաստման եւ COVID-19-ից մահացության նվազման կապը դեռեւս ապացուցման կարիք ունի․ հնարավոր է, որ զուգադիպության արդյունք է։
Նյութի աղբյուրը՝ armtimes.com