Ուղիղ 21 օր առաջ ես կոչ արեցի կառավարությանը, որ հրատապ պետք է դիմել Ռուսաստանի կառավարությանը, ռուսական «Գազպրոմին» որպեսզի սահմանին գազի գնի շուրջ ինտենսիվ բանակցություններ իրականացվեն: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Դրանից մեկ շաբաթ հետո ՀՀ փոխվարչապետը նամակ հղեց Ռուսաստանի «Գազպրոմի» նախագահին, որ արագ պետք է բանակցել գազի գնի շուրջ, բայց մինչ օրս տեղեկություն չունենք, թե գազի գնի շուրջ բանացություններն ընթանու՞մ են, չեն ընթանում և ինչ մեսիջ կա:
Ես կարծում եմ, որ հրատապ պետք է շարունակել կազմակերպել այս բանակցային գործընթացը, որպեսզի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ-Արմենիա» ընկերության հայտը, նաև հիմք ունենալով դա, պետք է անմիջապես մերժի: Սա այն ժամանակը չէ, որ մենք կարողանանք մեր բնակչության համար գազի սակագինը բարձրացնել: Հայտը պետք է հրատապ մերժել, բայց զուգահեռ պետք է գնանք բանակցությունների, որ սահմանին գազի գինն իջեցնենք, որովհետեւ ամբողջ աշխարհում գազի ու նավթի գինն իջել է»,-ասաց Միելքումյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ այսօր շրջանառության մեջ է դրել սահմանի վրա ավելացրած արժեքի հարկը հետաձգելու օրենքի նախագիծ, որը վերաբերում է սննդամթերքի բոլոր տեսակներին, դեղորայքին և դրանց պատրաստման հումքին:
«Այն ժամանակ, երբ տնտեսական հեղափոխություն էր հռչակվում, ասում էիք՝ մի քիչ ուշ կանենք, հիմա երբ ճգնաժամ է, համահարթ ձևով այդ աջակցությունը պետք է հասնի»,-ասաց նա: Պատգամավորը կարևորեց հենց համահարթ աջակցությունը, ոչ թե բանկերի հետ հատ-հատ բանակցելը, որպեսզի բանկերն էլ չասեն, թե զբոսաշրջությունը խոցելի ոլորտ է:
Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ հենց հիմա ՍԴ-ում է Հայաստան ներկրվող շուրջ 600-ից ավելի ապրանքների մաքսատուրքերի արտոնությունը մինչև 2021թ. հունվարի մեկը տեղափոխելու նախագիծը: «Արագ պետք է ստանանք ՍԴ եզրակացությունը, որ հրատապ կարգով խորհրդարանն ընդունի, հաջորդիվ, մենք կնախաձեռնենք նաև մաքսատուրքերի զրոյացման որոշ օրենսդրական նախաձեռնություններ»,-ասաց նա: