Երեկ՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Չերկազի փողոցում բախվել են Mazda մակնիշի 35 PV 587 համարանիշի , Peugeut մակնիշի 35 G O 597 համարանիշի եւ Ford tranzit մակնիշի 34 VA 373 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն բախման հետեւանքով ավտոմեքենաներից Mazda-ում եւ Peugeut-ում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են կրակը, սակայն Mazda-ն եւ Peugeut-ն ամբողջովին վերածվել են մոխրակույտի: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչէ Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Լուսանկարները Հարություն Համբարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: