Մեծարգո պրն․ Նախագահ
Նախագահի կողմից իրականացվող գործառույթներում բացի կոչումներ ու պարգևներ շնորհելուց, մտնում է նաեւ ներման գործառույթը։ Սակայն, ցավոք սրտի, այն բացակայում է։ Մինչդեռ ներման սպասող դատապարտյալը՝ հատկապես ցմահը, աչքը ջուր կտրած սպասում է այդ բացառիկ քայլին։ Հայաստանի անկախությունից հետո ոչ մի նախագահ նման քայլ չի արել՝ հասկանալի պատճառներով (նախորդները խիստ զբաղված էին նախ սեփական գրպաները փողով լցնելով և ինքնակոչ, անարժան անձանց կոչումներ պարգևներ տալով):
Պարոն նախագահ, 13 04 2020 թ ստացա Ձեր կողմից ներման խնդրագրիս մերժումը։ Եթե իմ պես մարդուն չեք ներում, ապա այդ ներման օրենքը հարկավոր է ուղարկել թանգարան կամ պահոց, քանի որ այն ձեւական բնույթ է կրում, իրականում չի կիրառվում, գրված է զուտ գրելու համար եւ միջազգային հանրությանը ցույց տալու, որ նման օրենք ունենք։
Մարդ չեմ սպանել, գործով տուժող չկա չունեմ , ունեմ 12 անձանց կողմից ինձ տրամադրած անձնական երաշխավորագիր։ Երաշխավորներից մեկն էլ 1991- 1994 թթ-ին Արաբկիր շրջանի կամավորական ջոկատին հրամանատար Արամ Անդրեսյանն է, չորս տարի օգնել եմ դեղորայքով, հագուստով, սնունդով ։ Այդ մասին նշված է նաեւ հրամանատարի տրամադրած բնութագրի մեջ։ Անտեսվեց ոչ միայն հրամանատարի բնութագիրը, այլ նաեւ մեր օրենսդիր մարմնի՝ ԱԺ 7 պատգամավորների երաշխավորագրերը։ Ինձ մնում է միայն մի բան ենթադրել՝ ցավոք թքած ունեն նաեւ պատգամավորների երաշխավորագրերի վրա։
Երաշխավորագրեր էին ներկայացրել նաեւ իրավապաշտպաններ Լարիսա Ալավերդյանը, Ժաննա Ալեքսանյանը, լրագրող Արմեն Աթալյանը եւ հոգեբան- գիտնական Իրինա Ծատուրյանը։ Դրանք եւս կցված էին ներման խնդրագրին։
Քրեակատարողական վարչությունը , ինչպես նաեւ Պրոբացիայի ծառայությունը եւս չէին առարկել, որ ես՝ 25 տարի անազատության մեջ գտնվող մահկանացուս, ի վերջո հայտնվեմ ազատության մեջ։ Նրանք եւս նշել էին, որ բացասական հակում չունեմ եւ պատրաստ եմ ընդգրկվել հասարակության շարքերում։ Իսկ իմ ուզածն այդքան էլ բարդ եւ անիրագործելի բան չէ՝ ցանկանում եմ կյանքիս վերջին տարիներն անցկացնել առանց ճաղերի, կարողանալ շնչել մաքուր օդ եւ վայելել երեխաներիս ու թոռներիս քաղցրությունը։
Նամակը Armlife.am կայքին է հասցեագրել ցմահ դատապարտյալ Ստեփան Գիգորյանի որդին՝ Նորայր Գրիգորյանը