Ռուսաստանից Հայաստան ժամանեց ռազմական մասնագետների առաջին խումբը, որի անդամները հայ գործընկերներին կաջակցեն կորոնավիրուսի դեմ պայքարի հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման գործում: Շուտով տեղ կհասնի երկրորդ խումբը։
Երկկողմ համագործակցության շրջանակում աջակցություն ցուցաբերելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև: Մասնագետներն իրենց հետ բերել են COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիա և ախտահանման համակարգ։ Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այն տեղեկությունը, թե տվյալ աջակցությունը ցուցաբերվելու է միայն ՌԴ 102-րդ ռազմաբազային. «Իրականությանը չի համապատասխանում։ Իրականացվում է և՛ հայ զինծառայողների, և՛ անհրաժեշտության դեպքում կիրականացվի նաև 102-րդ ռազմաբազայի զինծառայողների նմուշառումների թեստավորում»։
Մեր հաջորդ հարցին՝ արդյոք այդ գործողությունն իրականացվում է մեր մասնագետների՞ վերահսկողության ներքո, Շուշան Ստեփանյանն արձագանքեց. «Տվյալ լաբորատորիան գործում է պաշտպանության նախարարության պատասխանատվությամբ։ Նմուշառումն իրականացնում են հայ մասնագետները, իսկ նմուշների հետազոտությունը կատարում են ռուս մասնագետները, քանի որ իրենք այդ լաբորատորիան շահագործելու փորձ ունեն»։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով օրեր առաջ մեզ հետ զրույցում բարձրացրել էր ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներին թեստավորելու անհրաժեշտության հարցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ որքան էլ լավ է, որ այդ թեստավորումը կանցկացվի ռուսական բազայում, հայկական ԶՈՒ-երի հետ կապված կան որոշակի մտահոգություններ. «Որպես կանոն, նման պայմաններում տեխնիկական կամ կազմակերպչական, նյութական աջակցության տրամադրումը ենթադրում է ոչ միայն զուտ ինչ-որ նյութի հատկացում, այլ նաև այդ կարողության զարգացում։ Այսինքն՝ մասնագետների պատրաստում, որպեսզի կարողանան նաև իրենք այն աջակցությունը, որը ենթադրվում է, ցույց տալ՝ դա իրականացնեն։ Այսինքն՝ աջակցության տրամադրումը լինում է ոչ միայն նյութական մատակարարումը, տեխնիկայի տրամադրումը, այլ նաև այդ տեխնիկայից օգտվել սովորեցնելը։ Ենթադրենք՝ ինչ-որ ինքնաթիռ են տրամադրում, պետք է նաև սովորեցնեն ինքնաթիռը վարելու կարողությունները, օդաչուներ պատրաստեն։ Էլ չեմ խոսում նաև, որ այդ ինքնաթիռի կամ զինվորական տեխնիկայի տրամադրման հետ մեկտեղ նաև պահեստամասեր, վերանորոգման կարողությունների զարգացում ապահովեն։ Սա է իրական աջակցության բովանդակությունը։ Երբ ինքը գալիս է ու իր տեխնիկայով հետազոտություն է անում, վերստին առնչվում ենք մի փաստի հետ, որ մենք մասնակից չենք լինում թեստավորման ընթացքին, արդյունքների ստացման գիտական մեթոդների տիրապետմանը, հարց է առաջանում՝ ինչքանո՞վ են վստահելի հետազոտության արդյունքները։ Ինչո՞ւ ես պետք է վստահեմ մի հետազոտության, որին որևէ կերպ մասնակից չեմ։ Այսինքն՝ կարող է տվյալների արդյունքները ներկայացնեն ըստ նպատակահարմարության։ Եթե ասեն՝ չկա վարակ, հարց կառաջանա՝ արդյոք դա իրականությանը համապատասխանո՞ւմ է, և պետք է ըստ դրա իմ գործողությունը շարունակեմ։ Ու հանկարծ եթե դա չի համապատասխանում իրականությանը, ու կա վարակ, ռիսկերը մեծանում են։ Եթե վարակ կա, ենթադրվում է, որ պետք է մեկուսացնեմ, ջանքեր գործադրեմ, բուժումներ իրականացնեմ։ Իսկ եթե վարակ չկա, ենթադրվում է, որ ռեալ վիրուսակրի բուժման համար միջոցներ եմ ծախսում, որոնք անարդյունավետ են։ Այս տեսակետից ռիսկային է ու գործընկերային չէ իր բովանդակությամբ»։
Շարունակելով՝ Սաքունցը նշեց. «Գործընկերային կլիներ, երբ դիմացինին մասնակից դարձնես, որի արդյունքում նաև քո գործողությունների նկատմամբ ես վստահություն ձևավորում։ Այս միակողմանի մոտեցումն ընդունելի չէ, զարմանում եմ, որ մերոնք զարմանում են։ Ես, այո, ասել եմ, որ պետք է ստուգվի 102-րդ ռուսական ռազմաբազայի ամեն մի զինծառայող, մանավանդ որ նոր հերթափոխ է գալիս, նոր անձնակազմ է գալիս, նրանք բոլորը պետք է թեստավորվեն, ու պետք է վստահություն լինի, որ որևէ վիրուսակիր զինծառայող մուտք չի գործելու ռուսական ռազմաբազա, որը մեծ ռիսկեր է պարունակում ու կարող է վտանգել գյումրեցիների ու առհասարակ ՀՀ քաղաքացիների առողջությունը։ Բայց մեր զինծառայողների հարցում ես չէի գնա նման մեթոդի, որովհետև միշտ էլ ինձ մոտ հարց է ծագելու, որ լրացուցիչ ստուգում կատարեմ՝ վստահ լինելու, որ այդ հետազոտության տվյալները հավաստի են»։
Իրավապաշտպանը նաև հավելեց՝ եթե լիներ ֆրանսիական, գերմանական կամ ամերիկյան նմանատիպ աջակցություն, նրանք անպայման կներառեին թե՛ տեխնիկական աջակցությունը, թե՛ կարողությունների զարգացումը, թե՛ մասնակցայնությունը. «Ինքը դրանից հետո իր տեխնիկայով վերադառնալու է իր երկիր, ի՞նչն է աջակցություն այդ դեպքում»։
Այսօրինակ աջակցություն Ռուսաստանը տրամադրել է նաև Իտալիային։ Իտալիայի կառավարության ակնարկներից հասկանում ենք, որ բացարձակապես անարդյունավետ միջամտություն է, ընդամենը առիթ` հատուկ ծառայությունների ներկայացուցիչների ուղևորելու կորոնավիրուսից խիստ տուժած ԵՄ որոշ երկրներ։
Սաքունցի կարծիքով՝ սա նաև ԱԱԾ-ի խնդիրն է. «Ելնելով տարբեր այլ երկրներում ՖՍԲ, ԿԳԲ, ԳՌՈՒ կառույցների մասին տեղեկություններից և նրանց վարքագծից, վերաբերմունքից, նաև՝ նրանց իրականացրած ահաբեկչական գործողություններից, ապատեղեկատվական գործողություններից, հավաքագրման գործառույթից, անվտանգությանն ուղղված գործողություններից՝ այդ տվյալների համապատկերում ՀՀ-ում մինչև հիմա գեթ մեկ գործողության չբացահայտումը մտահոգիչ է։ Բայց նման ակտիվ մասնակցության, հերթական ներկայության առումով մտահոգությունը չի փարատվում, ընդհակառակը՝ ավելի է մեծանում»։
Նյութ աղբյուր՝ 1in.am